Նոր մանրամասներ են հայտնի դառնում բոսթոնյան ահաբեկիչներ Ցարնաեւների մասին: Լրատվամիջոցները պարզել են, որ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները դեռեւս 2011 թվականին ինչ-որ երկրի կառավարության խնդրանքով հարցաքննել են Ցարնաեւ եղբայրներից ավագին՝ Թամերլանին:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, այդ հացաքննության մասին տեղեկությունը նշանակում է, որ եղբայրները հայտնի են եղել ամերիկյան հատուկ ծառայություններին նախքան բոսթոնյան պայթյունները: CNN-ի կայքի բլոգում նշվում է, որ օտարերկրյա կառավարությունը (երկրի անունը չի նշվում) Թամերլան Ցարնաեւին կասկածել է ծայրահեղական խմբավորումների հետ կապեր ունենալու մեջ: ԱՄՆ իշխանությունները հետաքննություն են իրականացրել, սակայն ոչ մի կասկածելի բան չեն հայտնաբերել եւ գործը փակվել է, գրում է Lenta.ru-ն:
Թամերլան Ցարնաեւը ծնվել է ԽՍՀՄ-ում, (հնարավոր է Ղրղըզստանում), ապրել է Չեչնիայում եւ Դաղստանում, 2000-ականներին տեղափոխվել է ԱՄՆ եւ բնակության իրավունք ստացել: ԱՄՆ-ում նա ամուսնացել է քրիստոնյա կնոջ հետ եւ ունի մեկ դուստր:
Ցարնաեւների մայրը պնդում է, որ իր որդիներին հետեւել են հատուկ ծառայությունները, որ նրանց զանգահարել են ՀԴԲ-ից: Եղբայրների հայրը (նա գտնվում է Մախաչկալայում) հեռախոսազրույցում նշել է, որ իր որդիների «գլխին սարքել են» ամերիկյան հատուկ ծառայությունները:
Թամերլան Ցարնաեւը սպանվել է ապրիլի 19-ին՝ ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ: Նրա կրտսեր եղբայր Ջոհար Ցարնաեւին ձերբակալել են դրանից մեկ օր անց, հատուկ գործողության իրականացման ժամանակ նա վիրավորվել է:




























