Բրիտանական Reuters լրատվալկան գործակալությունը սխալմամբ հրապարակել է 82-ամյա միլիարդատեր Ջորջ Սորոսին նվիրված՝ նախապես պատրաստած մահախոսականը։ Գործակալությունը պաշտոնապես ներողություն է հայցել։ «Ջորջ Սորոսի ներկայացուցիչը հայտնել է, որ Նյու Յորքում բնակվող ֆինանսիստը ողջ-առողջ է», - հայտարարել է Reuters-ը։

Գործակալությունից հայտնել են, որ ցավում են կատարվածի համար։

The Guardian-ը նշում է, որ հազար բառից բաղկացած մահախոսականը Reuters-ի կայքում հրապարակվել է հինգշաբթի օրը՝ ապրիլի 18-ին։ Տեքստը երեւացել է մոտ կես ժամ, ինչից հետո հանվել է։ Ընդ որում, հանգուցյալի մահվան վայրի, նրա տարիքի եւ մահվան ամսաթվի տեղերը դատարկ միջակայքեր են եղել։

Lenta.ru-ն գրում է, որ լրատվամիջոցները հաճախ են հայտնի մարդկանց նվիրված մահախոսականները վաղօրոք պատրաստում։ 2003թ. ապրիլին CNN-ի կայքում պատահաբար հայտնվել էր մահախոսականների մի ամբողջ շարք։ Հանգուցյալների թվում էին հայտնվել Ֆիդել Կաստրոն, Նելսոն Մանդելան եւ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը։ 2008-ին էլ Bloomberg-ը նախօրոք հրապարակել էր Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի մահախոսականը։