Թուրքիայի հարավային մասում գտնվող Ուրֆայի (Եդեսիա) պատմական ամրոցի մի հատվածը ապրիլի 19-ի կեսօրին անհասկանալի պատճառներով փլվել է։

Թուրքական Haber7 կայքի փոխանցմամբ՝ Ուրֆայի պատմական ամրոցի պատերից մեկում փլուզման հետեւանքով մարդկային կորուստներ չկան, քանի որ փլուզումը տեղի է ունեցել այն պահին, երբ քաղաքացիները եղել են մզկիթներում՝ ուրբաթօրյա նամազ անելիս։

Ամրոցի փլուզված մասի մոտ մեկնած Ուրֆայի փոխնահանգապետ Ռամազան Սեչիլմիշը նշել է, թե ամրոցում վերանորոգում տեղի էր ունեցել եւ անհասկանալի է թե ինչ պատճառով է փլուզում տեղի ունեցել։ Նա վստահեցրել է, որ կարճ ժամանակում փլուզված հատվածը կվերականգնվի։

Նշենք, որ Ուրֆայում մինչ Հայոց ցեղասպանությունը հայերը մեծ թիվ են կազմել, իսկ արաբ պատմագիր Իբն ալ Ասիրի խոսքով, Ուրֆան 12-րդ դարում ամբողջությամբ հայերով է բնակեցված եղել։