Ռուսաստանը չի կարող զեղչել գազի գինը թուրք սպառողների համար, քանի որ գնի վրա ազդում է միայն շուկան։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակն՝ Անթալիայում ապրիլի 20-ին տեղի ունեցած առեւտրատնտեսական ռուս-թուրքական միջկառավարական խառը հանձնաժողովի 12-րդ նիստից հետո։

«Գազպրոմն» այսօր զբաղեցնում է Եվրոպայի շուկայի 25-30% -ը, իսկ մի տասը տարի առաջ զբաղեցնում էր մոտ 60%-ը։ Այն մրցակցում է գազի այլ մատակարարների հետ եւ մենք, որպես պետություն, չենք ազդում գների վրա, դրանց վրա ազդում է շուկան, դա առեւտրային կազմակերպությունների միջեւ պայմանավորվածությունների առարկա է», - ընդգծել է նախարարը։

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», ավելի վաղ, նիստի ավարտին մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել էր, որ ինքը բարձրացրել է թուրք սպառողներին զեղչ տրամադրելու հարցը։ «Եվրոպայում գազի պահանջարկն ընկել է, իսկ Թուրքիայում, ընդհակառակը, աճել։ Մենք մեծ ծավալներով գազ ենք գնում։ Ես այդ հարցը բարձրացրել եմ բանակցությունների ընթացքում», - ասել է Յըլդըզը։ Նրա խոսքով՝ Նովակն իրեն պատասխանել է, որ հարցը կքննարկվի, «եթե կա ճկունություն դրսեւորելու հնարավորություն»։