Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավար Դավիթ Ռաֆիկի Պետրոսյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի բացմանը:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հաշվի առնելով վարչական շրջանի բնակչության կողմից ներկայացված առաջարկությունները՝ Երեւանի ավագանու որոշմամբ հուշարձանը տեղադրվել է Գայի պողոտայի 17 հասցեում գտնվող Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցի հարակից տարածքում:
Հուշարձանի հեղինակը քանդակագործ Լեւոն Թոքմաջյանն է:
Դավիթ Պետրոսյանի հայրը՝ Ռաֆիկ Պետրոսյանը, շնորհակալություն է հայտնել Երեւանի ավագանուն եւ անձամբ Տարոն Մարգարյանին՝ աջակցության եւ հետեւողականության համար:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նոր Նորք վարչական շրջան կատարած այցելության շրջանակում նաեւ շրջել եւ զրուցել է բնակիչների հետ, ծանոթացել Ֆրիտյոֆ Նանսենի անվան զբոսայգու տարածքում համանուն թանգարանին կից կառուցվող մատուռի շինարարական աշխատանքներին:



























