Հայաստանի պաշտպանության նախարարությունում, այսօր՝ ապրիլի 23-ին, տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2012թ. աշնանային զորակոչի արդյունքները եւ քննարկվել 2013թ. գարնանային զորակոչի պլանավորման աշխատանքները: Նիստին ներկա են եղել շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները, մարզպետները ՀՀ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, վարչության պետեր, զորամասերի հրամանատարներ եւ զինծառայողներ, բժշկական հանձնաժողովների ներկայացուցիչներ:
Նիստը բացել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Իր խոսքում ՀՀ պաշտպանության նախարարը կարեւորել է գարնանային զորակոչի ամբողջ ընթացքում հանրային լայն իրազեկման իրականացումը, թափանցիկության եւ բանակ-հասարակություն լիարժեք փոխվստահության մթնոլորտի ապահովումը:
Հիմնական զեկույցով հանդես է եկել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովը: Ներկայացնելով 2012թ. աշնանային զորակոչի արդյունքները` Յու. Խաչատուրովն անդրադարձել է գրանցված հաջողություններին եւ թերացումներին, ուղենշել 2013թ. գարնանային զորակոչի անելիքները: ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը նաեւ կարեւորել է պաշտպանության նախարարության եւ մյուս գերատեսչությունների, իրավապահ մարմինների, մարզային կառույցների հետ համագործակցությունը:
Նիստի ընթացքում ելույթներով հանդես են եկել ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմաբժշկական վարչության պետ, փոխգնդապետ Կ. Խաչատրյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռ. Գրիգորյանը, ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կ. Նահապետյանը: ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմաբժշկական վարչության պետը ներկայացրել է նախորդ զորակոչի ընթացքում ռազմաբժշկական ապահովման արդյունքները` ընդգծելով, որ առկա է զգալի առաջընթաց: ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն իր ելույթում կարեւորել է պաշտպանական գերատեսչության, ինչպես նաեւ մարզային հանձնաժողովների հետ համագործակցությունը եւ նշել, որ աշխատանքներ են տարվում օրենսդրական դաշտի բարեփոխումներն իրականացնելու ուղղությամբ:
Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստն ամփոփել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ զորակոչի ուղղությամբ 2012թ. կատարված հետեւողական եւ բարեխիղճ աշխատանքների արդյունքում գրանցվել են կարեւոր հաջողություններ:
ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է նաեւ, որ զորակոչային աշխատանքներին մասնակցող բոլոր պատասխանատու մարմինների համատեղ ջանքերի շնորհիվ 2012թ. աշնանային զորակոչի ընթացքում կոռուպցիոն դեպքերը շարունակական նվազել են, սակայն առկա են նաեւ թերացումներ: Սեյրան Օհանյանի խոսքերով` գարնանային զորակոչի իրականացման միջոցառումներն էլ ավելի են խստացվելու. «Աշխատանքներն արդեն մեծ թափ են ստացել: Փոփոխության են ենթարկվում նորմատիվ իրավական ակտերը: Կարող են հիմնովին վարանայվել բժշկական հանձնաժողովների գործառույթները: Հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել մարզային հանձնաժողովների աշխատանքի, նախազորակոչային տարիքի երիտասարդների ռազմահոգեբանական, սոցիալիրավական նախապատրաստության իրականացման վրա: Մենք պետք է իրականացնենք բոլոր մեխանիզմները զորակոչը հավուր պատշաճի անցկացնելու համար»,- ասել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը: Սեյրան Օհանյանը նաեւ համապատասխան հանձնարարականներ է տվել եւ ուղենշել հետագա անելիքները:
Հանձնաժողովի նիստում նշվել են լավագույնները, ինչպես նաեւ թերացողները: Զորակոչի անցկացման մի շարք պատասխանատուներ եւ զինծառայողներ պաշտպանության նախարարի կողմից արժանացել են պատվոգրերի, արժեքավոր նվերների եւ գերատեսչական մեդալների:




























