Երեւանի քաղաքապետարանում տեղի է ունեցել «Տարվա լավագույն դաստիարակ» ամենամյա հանրապետական եռափուլ մրցույթի քաղաքային փուլը, որին մասնակցել է վարչական շրջաններում տարածքային փուլում հաղթած 12 դաստիարակ:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ մրցույթը գնահատող հանձնաժողովում ընդգրկված են Հայաստանի ԿԳՆ հանրակրթության վարչության նախադպրոցական եւ միջնակարգ կրթության քաղաքականության մշակման եւ վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Հ.Միտոյանը, Նորք–Մարաշ եւ Աջափնյակ վարչական շրջանների կրթության, մշակույթի եւ սպորտի բաժինների պետերը, մանկապարտեզների տնօրեններ։ Քաղաքային մրցույթն անցկացվել է երկու փուլով՝ թեստային առաջադրանք եւ կլոր սեղան՝ բանավեճ։
Արդյունքում հաղթող է ճանաչվել Երեւանի Էրեբունի վարչական շրջանի թիվ 71 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի դաստիարակ Նորա Աբելյանը, ով կմասնակցի «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթի հանրապետական փուլին։




























