Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության համատեղ արդյունավետ աշխատանքի համար Հայաստանում Եվրամիության խորհրդարանական խորհրդատու Էդուարդո դը Լորենցո Օչոայան այսօր՝ ապրիլի 23-ին, պարգեւատրվել է ԿԳՆ բարձրագույն պարգեւով` «Ոսկե հուշամեդալով»:

ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանձնելով պարգեւը` ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ բարձր է գնահատում Էդուարդո դը Լորենցո Օչոայի ավանդը` Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումների աջակցության եւ կրթության բնագավառում Եվրոպական Միության ինտեգրման ծրագրերի տարածման եւ ընդլայնման գործում:

Արմեն Աշոտյանը կարեւորել է նաեւ Եվրամիության եւ Եվրախորհրդի հետ ակտիվ համագործակցությունը թե՛ ԵՄ հարեւանության քաղաքականության, եւ թե՛ «Արեւելյան գործընկերության» շրջանակներում: Նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ Եվրամիության խորհրդարանական խորհրդատուն այն եզակի օտարերկացիներից է, ում շնորհվում է նման պարգեւ:

Հայաստանում Եվրամիության խորհրդարանական խորհրդատու Էդուարդո դը Լորենցո Օչոայան շնորհակալություն է հայտնել` իրեն նման բարձր պատվի արժանացնելու համար: