Բենզալցակայաններում ստուգումները շարունակվում են նաեւ 2013 թվականին: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության տեսչության պետ Լեւոն Խալիկյանը:
Խախտման դեպքեր արձանագրելու դեպքերում տեսչությունը կիրառում է տուգանք, ինչպես նաեւ գործունեության կասեցում՝ մինչեւ խախտման վերացումը: «Մենք հայտնաբերում ենք դեպքեր, երբ ռեգուլյար բենզինը վաճառում են սուպերի կամ պրեմիումի անվան տակ: Մենք կասեցնում ենք տվյալ տնտեսվարողի գործունեությունը՝ մինչեւ խախտման վերացումը, այսինքն՝ մինչեւ ամբողջ բենզինը չի տեղափոխվում համապատասխան հորեր»,- ասաց Լ. Խալիկյանը:
Նրա տեղեկացմամբ՝ տնտեսվարողները հատկապես զգուշանում են գործունեության կասեցումից, քանի որ տուգանքների չափը որոշվել է 1995 թ. եւ միգուցե տնտեսվարողների համար ներկայումս այնքան էլ «զսպող չէ»:
Լ. Խալիկյանը հերքեց, թե բենզինի հետ ջուր են խառնում, քանի որ, ըստ նրա, այդ դեպքում մեքենան ընդհանրապես հնարավոր չի լինի վարել:
Լ. Խալիկյանը նշեց, որ վերջերս ստուգման ընթացքում արտառոց դեպք է գրանցվել «Կամօյլի» բենզալցակայաններից մեկում: Բենզինի մակնիշը եղել է նորմալ, սակայն դիզվառելիքի փոխարեն վաճառել են ցածրորակ հեղուկ, որը սովորաբար առաջանում է ջերմային կայանների վառելիքի նստվածքից:
Իր հերթին, «Կամօյլ»-ի տնօրեն Կամո Մելքոնյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենց մոտ նման ստուգումներ չեն եղել: «Վերջին ստուգումը մեզ մոտ եղել 2012 թվականին, որի համաձայն դիզվառելիքի վերաբերյալ բոլոր տվյալները համապատասխանել են պետական ստանդարտին: Ամենայն հավանականությամբ տեղի ունեցածը սխալմունք է»,-ասաց նա:



























