Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել երեկ` ապրիլի 23-ին Նորքի 7-րդ զանգվածում լրագրող Հակոբ Կարապետյանի դեմ հարձակման վերաբերյալ:

Ոստիկանության լրատվության վարչության փոխանցմամբ, ապրիլի 23-ին, ժամը 18.35-ին,  ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն Քրիստինե  Խ.-ից ահազանգ է ստացվել, Նորքի 9-րդ զանգվածում գործնկերոջն արգելել են նկարահանել, քաշքշել են եւ ձեռքից վերցրել տեսախցիկը:

«Ilur.am» կայքի  արտահաստիքային լրագրող Հակոբ  Կարապետյանը  հաղորդում է տվել, որ ապրիլի 23-ի ժամը 17.30-ից   18.00-ի սահմաններում, երբ գտնվել է Նորքի 7-րդ զանգվածում գտնվող սուպերմարկետի մոտ, որտեղ պետք է կայանար Երեւանի քաղաքապետի թեկնածու ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանի հանդիպումը բնակիչների հետ, անհայտ անձինք քաշքշել են իրեն` թույլ չտալով նկարահանումներ կատարել, այդ ընթացքում  ձախ ձեռքի բութ մատի շրջանում զգացել է ֆիզիկական ցավ, իսկ իր կողմից ճշտված տվյալներով` Աշոտ Պ.-ն  բռունցքով հարվածել է իր դեմքին եւ պատճառել վնասվածք:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածում հարձակման է ենթարկվել iLur.am կայքի լրագրող Հակոբ Կարապետյանը, ով այնտեղ էր գտնվում Տարոն Մարգարյանի քարոզարշավը լուսաբանելու համար: Ըստ iLur.am-ի, մինչեւ Մարգարյանի ժամանելը լրագրողը փորձել է տեսանկարահանել, թե ինչպես են կազմակերպիչները «ԳԱԶել»-ներից փուչիկներ հանում եւ բաժանում, երբ նրան են մոտեցել անհայտ անձինք, սկզբում արգելել են տեսանկարահանել, քաշքշել են, իսկ երբ լրագրողը հրաժարվել է, ձեռքից խլել են տեսանկարահանող սարքը:

Որոշ ժամանակ անց վերջիններս վերադարձրել են նկարահանող սարքը, սակայն բոլոր տեսանյութերը ջնջելուց հետո:

Ըստ կայքի տվյալների՝ հարվածողը Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ, ավագանու թեկնածու, «Տուրբո» մականունով հայտնի Աշոտ Պապայանն է:

Դեպքի առնչությամբ դատապարտող հայտարարություն է տարածել ՀԱԿ կուսակցությունը: