Այսօր՝ ապրիլի 24-ի առավոտյան Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը՝ հոգեւորական դասի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու պետական պաշտոնյաների ներկայությամբ կատարվել է հոգեհանգստեան արարողություն` ի հիշատակ Հայոց Եղեռնի նահատակների:
Նույն օրը Մայր աթոռ սուրբ Էջմիածնում մատուցվել է Ս. Պատարագ: Արարողության ընթացքում պատարագիչը հրապարակել է Գարեգին Բ-ի եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի հայտարարությունը, որով կոչ է ուղղվում Թուրքիայի պետությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ամբողջապես հատուցել հայ ժողովրդի կրած կորուստների եւ մարդկային ու ազգային ոտնահարված իրավունքների դիմաց, ինչպես նաեւ անհապաղ վերադարձնել հայ ժողովրդին` որպես իրավատիրոջ, հայկական եկեղեցիները, վանքերը, եկեղեցապատկան կալվածքները եւ հոգեւոր-մշակութային արժէքները:
Ապա պատարագիչ Արտակ Սրբազանն իր քարոզում անդրադարձել է օրվա խորհրդին, նշելով. «Ամեն հայի մտքում հրով ու սրով խորագրված անջնջելի պատկեր եւ մշտակենդան պատմություն է ապրիլյան եղեռնը: Մեր ժողովրդի դեմ կատարված ցեղասպանությունը լոկ պատմական տեղեկություն կամ ճշգրիտ տարեթիվ չէ, այլ ապրող, բաբախող եւ պատգամող իրականություն: Մեր պատմության սեւ էջերը, դժբախտությունները, ավերն ու կործանումը, գերությունն ու աքսորը, գաղթն ու ջարդը մահվան ստվերով մեզ երբեք չեն ծանրացրել, որովհետեւ կարողացել ենք մեր հոգիները թեթեւ ու պայծառ պահել լուսավոր տեսիլներով, որովհետեւ մենք եղել ենք եւ կանք կյանքին ու լույսին նվիրված ժողովուրդ», - նշել է Արտակ եպիսկոպոսը:
Այսօր այն օր է, սիրելինե՛ր, որ աշխարհի բոլոր հայերը տարբեր կերպերով միաբանվում են` մեծարելու հիշատակը նահատակների: Միաբանված են հաղթողների հիշատակի շուրջ` ճանաչելով նրանց նվիրումն այն մեծ հավատքին եւ համոզմունքներին, նրանց թողած այն մեծ ավանդին, որը երբեք չկորավ…: Այսօրվա մեր այս հավաքը, ինչպէս ամեն տարուայ մեր հաւատարիմ ներկայությունը, դատապարտությունն է անընդունելի այն ոճիրների, որոնք ուղղված են հասարակ մարդ անհատի դեմ, մարդկության դեմ, ուղղված են մէկ կամ ավելի ժողովուրդների դեմ, այդ ժողովուրդների մշակույթի, դրանց անխնա ոչնչացման, մարդկային կյանքի նվիրական արժեքների, սրբությունների ոտնահարման եւ ուրացման դեմ», - պատգամել է Սրբազան Հայրը:
Ս. Պատարագի ավարտին Մայր Տաճարի շրջաբակում ի հիշատակ 1915 թ. Հայոց Եղեռնի նահատակների կանգնեցված Աղոթքի եւ ուխտի խաչքարի մոտ, Գարեգին Բ-ի նախագահությամբ կատարվել է հոգեհանգստյան արարողություն:




























