Թուրքիայի խորհրդարանի միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցությունն ապրիլի 24-ի կապակցությամբ տարածած հայտարարության մեջ նշել է, որ 1915-ին հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարի ամենամեծ ողբերգություններից մեկն է։
Թուրքական ANKA-ի փոխանցմամբ՝ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության տարածած հայտարարության մեջ թուրքական իշխանություններին կոչ է արվում առերեսվել սեփական պատմության հետ եւ ներողություն խնդրել պատմության ամենամեծ ցեղասպանություններից մեկին ենթարկված հայերից։
«Այսօր 20-րդ դարի ամենամեծ ողբերգություններից մեկի 1915-ի Հայոց ցեղասպանության հիշատակման տարելիցի օրն է։ 98 տարի առաջ ապրիլի 24-ին, պատմության ամենամեծ ցեղասպանություններից մեկը սկսվեց հայ ժողովրդի տեղահանությամբ։ Հայ ժողովուրրդը այն ժամանակվա իթթիհադականների (երիտթուրքեր-խմբ) գաղափարների մութ քաղաքականության պատճառով մեծ ցավեր ապրեցին եւ պոկվեցին իրենց հողերից։
Ցեղասպանության վերքերը եւ ցավերը պահպանվում են հասարակության հիշողություններում, քանի որ Թուրքիան հասարակական խղճի մաքրման համար դեռեւս չի առարեսվել իր պատմության եւ 20-րդ դարի ամենամեծ ցեղասպանություններից մեկի հետ, չի ընդունել ցեղասպանությունը եւ ներողություն չի խնդրել հայերից։ Չպետք է մոռանալ, որ պատմության հետ առերեսումը միեւնույն ժամանակ երաշխիք է, որ նման ցավեր այլեւս չեն կրկնվելու։
Թուրքիային կոչ ենք անում առերեսվել սեփական պատմության հետ եւ մեծ ցավեր ապրած հայ ժողովրդից ներողություն խնդրել՝ հույսով, որ նման բան այլեւս չի կրկնվի։ Հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»,-ասվել է հայտարարության մեջ։




























