Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ թռչնի գրիպի նոր տեսակը՝ H7N9-ը, որից այսօրվա դրությամբ Չինաստանում 22 մարդ է մահացել, մյուս տեսակների համեմատ` ամենամահացուն է համարվում:
Ինչպես նշել են ԱՀԿ-ի ներկայացուցիչները, նոր վարակն ավելի հեշտ է փոխանցվում մարդուն, ինչն էլ ավելի վտանգավոր է դարձնում այն, նախորդ գրիպերի կողքին, որոնք 2003թ.-ից սկսած հարյուրավոր մարդկանց կյանք են խլել:
Պաշտոնական տվյալների համաձայն` 2013թ.-ի մարտից ի վեր Չինաստանում 108 մարդ է վարակվել այդ գրիպով: Բացառված չէ, որ իրականում զոհերի քանակն ավելի մեծ է: Ընդ որում ԱՀԿ-ն նշել է, որ վարակի՝ մարդուց մարդ փոխանցվելու ենթադրությունը միանշանակ հիմքեր չունի: ԱՀԿ-ի միջազգային կազմը եւ Չինաստանի կառավարությունը հնգօրյա ուսումնասիրություններ են անցկացրել երկրի տարածքում, բայց նրանց այդպես էլ չի հաջողվել հաստատել մարդուց մարդ վարակի փոխանցումը:
«Իրավիճակը բավականին խճճված է ու բարդ, իսկ հիվանդությունն առաջխաղացում է գրանցում»,-ասել է ԱՀԿ-ի առողջապահական անվտանգության հարցերով զբաղվող գործադիր տնօրենի տեղակալ Կենջի Ֆուկուդան:
Ինչպես գրում է ՌԲԿ-ն, մսի շուկաներում հավերից, բադերից եւ աղավնիներից գրիպի նոր տեսակի հանդեպ ունեցած ազդեցության վերաբերյալ անալիզները դրական արդյունք են ունեցել, թռչունների մոտ վարակման նշաններ չեն հայտնաբերվել: Դա տալիս է հիմքեր ենթադրելու, որ վարակման աղբյուր են հանդիսանում տնային թռչնի միսը:




























