Միլանի վերաքննիչ դատարանը մերժել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հայցը, ով խնդրել է թույլ տալ դադարեցնել ալիմենտի վճարումը նախկին կնոջը՝ Վերոնիկա Լարիոյին, մինչեւ երկրորդ ատյանի դատարանի որոշումը:

Վերաքննիչ դատարանը որոշել է, որ Բեռլուսկոնին պետք է կատարի առաջին ատյանի դատարանի որոշումը, որն ընդունվել է ամուսնալուծության գործընթացում եւ ամսական 3 մլն եվրո վճարի իր նախկին երկրորդ կնոջը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Հիշեցնենք, որ Միլանի դատարանը ամսական 3 մլն եվրո ալիմենտ վճարելու որոշումը կայացրել էր 2012 թվականի դեկտեմբերին: Այս տարվա մարտին Բեռլուսկոնին որոշել է բողոքարկել դատարանի այդ որոշումը:

Սիլվիո Բեռլուսկոնին Լարիոյի հետ ծանոթացել է 1980 թվականին եւ 10 տարի անց ամուսնացել նրա հետ: Նրանք ունեն երեք հասուն երեխաներ: Վերոնիկան ամուսնալուծվելու իր մտադրության մասին հայտարարել է 2009 թվականին:

Ինքը՝ 76-ամյա Բեռլուսկոնին ներկայումս մտերմիկ հարաբերություններ ունի 27-ամյա նեապոլիտանուհի Ֆրանչեսկա Պասկալայի հետ: