Փոխոստիկանապետ Ալեքսանդր Աֆյանի պաշտոնանկության մասին լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«Ոչ, այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Նաեւ ուզում եմ դիմել լրատվամիջոցներին` խնդրելով զերծ մնալ ոստիկանությունում հնարավոր կադրային փոփոխությունների մասին չճշտված լուրեր հրապարակելուց, ինչպես եւ կոնկրետ պաշտոնյաների անհեթեթ պատմություններ վերագրելուց, քանի որ դրանք անառողջ մթնոլորտ են ձեւավորում»,- նշեց նա:
Նշենք, որ «Ժողովուրդը» գրել էր, թե ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Ալեքսանդր (Սաշիկ) Աֆյանին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պատրաստվում է պաշտոնանկ անել: Պատճառը, ըստ թերթի, այն է եղել, որ նա Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության օրը՝ ապրիլի 9-ին, Բաղրամյան պողոտայում ծավալված իրադարձությունների ժամանակ հանդես է եկել դիտորդի դերում: Ոստիկանության համար ճակատագրական նշանակություն ունեցող պահերին նա ոչ թե ոստիկանության ղեկավարության կողքին է եղել, այլ ՀՀ պետական պահպանության ծառայության ղեկավար Հրաչյա Հարությունյանի (Կրակեմ Հրաչ): Այս պահվածքը դուր չի եկել Վլ. Գասպարյանին:
Մեզ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ Ալեքսանդր Աֆյանից, քանի որ վերջինս չէր պատասխանում հեռախոսազանգերին: Բայց ավելի վաղ NEWS.am-ի թղթակցի հետ զրոււյցում նա մեկնաբանել էր իր պաշտոնանկության մասին տարածված տեղեկությունները: «Հայաստանի Հանրապետության ոստիկանության որոշումով եւ Հանրապետության նախագահը կարող են ինձ պաշտոնանկ անել, իսկ էդ սուտի խոսակցություններին մի հավատացեք»,- ասել էր նա:




























