Հայաստանի կառավարությանն առընթեր ՊԵԿ քննչական վարչությունում ավարտվել է ՍՊ ընկերության բաժնետերերից մեկի կողմից կանխամտածված սնանկության հատկանիշներ ստեղծելու, հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելը կազմակերպելու եւ ՍՊ ընկերության տնօրենի կողմից հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, թե նախաքննությամբ պարզվել է, որ «Ֆաստէքս հոլդինգ» ՍՊ ընկերության բաժնետեր Ռ.Ավետիսյանը, անձնական շահերից ելնելով, 2009-2012թթ. ընթացքում իրականացրած ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ ՀՀ ԿԱ ՊԵԿ Մաշտոցի հարկային տեսչություն ներկայացրած հաշվարկներում եւ հաշվետվություններում արտացոլված հարկային պարտավորությունները չի կատարել, կանխամտածված ստեղծել է անվճարունակության հատկանիշներ, թեեւ ունեցել է դրանք վճարելու հնարավորություն:
Արդյունքում` պետությանը պատճառվել է խոշոր չափի` 303 068 319 դրամի վնաս:
Իսկ Ա.Մանուկյանը, ով 2008թ. դեկտեմբերի 9-ից մինչեւ 2010թ. հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում հանդիսացել է «Ֆաստէքս հոլդինգ» ՍՊ ընկերության կողմից հիմնադրած «Ֆեռո» ՍՊ ընկերության տնօրենը, Ռ.Ավետիսյանի ղեկավարմամբ եւ կազմակերպմամբ, հարկային պարտավորությունները կատարելուց խուսափելու դիտավորությամբ` հարկային մարմիններին ներկայացված, հարկման համար հիմք հանդիսացող հաշվարկներում եւ հաշվետվություններում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ է մտցրել` այդկերպ խուսափելով խոշոր չափի` 5 811 606 դրամ հարկերը եւ պարտադիր սոցիալական վճարները վճարելուց:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ռ.Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով եւ 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Ա.Մանուկյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:




























