Առաջիկա 1-2 ամսում Երեւանի Թբիլիսյան խճուղում շահագործման կհանձնվի 42 բնակարան ունեցող նոր շենք՝ սոցիալապես անապահով անձանց համար: Այդ մասին այսօր՝ ապրիլի 25-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը:
Նրա տեղեկացմամբ՝ եւս 3 շենք կկառուցվեն հանրապետության տարբեր հատվածներում՝ Ստեփանավան, Վանաձոր եւ Ծաղկահովիտ: Ծրագիր կա նաեւ Հյուիս-Հարավ սկզբունքով կիսակառույց 6 շենքեր ավարտին հասցնելու, եւ սոցիալական բնակարանային ֆոնդը համալրելու ուղղությամբ:
Նշենք, որ սոցիալական բնակարանները անվճար հատկացվում են մանկատների շրջանավարտներին, միայնակ թոշակառուներին եւ սոցիալական ծանր պայմաններում գտնվող այլ խավերի ներկայացուցիչներին:
Այսօր կառավարությունը որոշում ընդունեց Մարալիկ քաղաքում գտնվող սոցիալական բնակարանային համալիրից բնակարանների վերաբաշխում կատարել: Ցուցակներից դուրս մնացած 11 մանկատան շրջանավարտներից 2-ը գտնվում են ազատազրկման վայրում, իսկ 9-ը գրավոր հրաժարվել են բնակարաններից: Եւս 7 բնակիչներ հրաժարվել են բնակարանից՝ երկարատեւ ստացիոնար բուժման կարիք ունենալու եւ եղանակային պայմաններին չհարմարվելու պատճառաբանություններով: Ազատված բնակարանները տրվեցին այլ կարիքավորների:




























