Հայաստանում ապրիլի 25-ին սկսվել են Լեհաստանի Օրերը: Այսօր՝ ապրիլի 25-ին, մամուլի ասուլիսում Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին նշել է, որ այս տարի Լեհաստանի օրերն ավելի արտահայտված վիզուալ ուղղվածություն ունեն եւ մեծամասամբ նվիրված են թատրոնին, կինոյին եւ երաժշտությանը:

Այսպես, ապրիլի 28-ին միջազգային «Արմմոնո» փառատոնի շրջանակներում կանցկացվի Լեհաստանի Օրը, կներկայացվեն լեհ դերասաններ Բոգուսլավ Կիերցի «Իմ դիմակ», Աննա Սկուբիկի «Ֆեդրա» եւ Մատեուշ Օլշեվսկիի «Նովչենտո» ներկայացումները: Ապրիլի 30-ին կրկին «Արմմոնո»-ի շրջանակներում, տեղի կունենան Կշիշտոֆ Գրաբովսկիի «Միկլա», եւ Աննա Սկուբիկի «Կոտրված եղունգներ» ներկայուցումների ցուցադրությունները: Ապրիլի 29-ին լեհ կատարողների հայ երկրպագուները կկարողանան ունկնդրել «Կռակով դուո» համերգը, մայիսի 24-ին Երեւանում ելույթ կունենա ազգային երաժշտության անսամբլ «Չուպագա»-ն, մայիսի 27-ին կկայանա Վիտոլդ Լուտոսլավսկիին նվիրված երեկոն: Կինոֆիլմի շրջանակներում կցուցադրվեն «Վինչի», «Դատական կատարածու», «Եղեգ», «Տեստոստերոն», «Պարտք», «Գիշերային զրույցներ» ֆիլմերը: Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է:

Դեսպանը հիշեցրել է, Լեհաստանի Օրերը Հայաստանում ամեն տարի են անցկացվում, եւ ամեն անգամ մշակույթի կոնկրետ ուղղություններ են ընտրվում: Օրինակ` անցյալ տարի շեշտը գրականության վրա էր դրվել` հաշվի առնելով Հայաստանում գրքի հրատարակման 500-ամյակը նշելու փաստը: