Մեծ Եղեռնի զոհերի  հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, ապրիլի 26-ին, ժամը 10:00-19:00-ին, տեղի կունենա արդեն ավանդական դարձած ծաղկահավաքը: Այն արդեն 4-րդ անգամ կազմակերպում է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, ՎիվաՍել-ի եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ:

Միջոցառմանը մասնակցելու ցանկություն հայտնած մի շարք կամավորներ, բազմաթիվ ընկերությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ եւ ուսանողներ նոր շունչ են հաղորդում ապրիլի 24-ին Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր բերված հազարավոր ծաղիկների:

Նախքան 2010 թվականը շուրջ 2 տոննա ծաղիկներ հավաքվում եւ այրվում էին որպես աղբ: Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը այս խնդրի բնապահպանական լուծումն ապահովելու նպատակով նախաձեռնեց ծաղկահավաքի միջոցառումը, որը եւ սկսեց իրականացնել 2010 թվականից:

Ծաղկահավաքի նախաձեռնությունը Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից Երկրի օր քարոզարշավի շրջանակներում իրականացվող հիմնական միջոցառումներից է, որն իրականացվում է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ համատեղ:

Միջոցառման շրջանակներում անմար կրակի մոտ բերված ծաղիկները խնամքով հավաքվում են, ցողուններն առանձնացվում են ծաղկաթերթիկներից, որոնցից պատրաստվում է պարարտախառնուրդ՝ հուշահամալիրի այգիների մշակման համար, իսկ ծաղկաթերթիկներն առանձնացվում եւ օգտագործվում են թղթի վերամշակման համար, որոնք հետագայում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից օգտագործվում են բացիկների, հրավիրատոմսերի եւ նամակների պատրաստման նպատակով:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am