Վանաձորի հագուստի արտադրամաս-խանութում բռնկված հրդեհը դիտավորյալ է արված: Այս մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, լրագրողների հետ զրույցում պաշտոնապես հայտարարել է խանութի սեփականատեր Սոս Սելիմյան՝ հավելելով. «Էս 6 ամիս ա քաղաքում հետեւիցս ընկած են, դաժե մինչեւ Սերժ Սարգսյանին երկու անգամ նամակ եմ գրել: Ազգային անվտանգությունն ա զբաղվում, դատախազությունն ու իրավապահ մարմինները, արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Վրեն նույնիսկ հարկային են ուղարկել»:
Նրա խոսքով՝ դեպքի պահին արտադրամասը փակ է եղել, իսկ որտեղ որ այրվել է, «էդտեղ ոչ մի հոսանք չկա»:
Սեփականատիրոջ փոխանցմամբ՝ հավանաբար, այրվող ինչ-որ բան են նետել խանութ: Նա նշեց, որ ինքը 20 մլն դրամից ավելի գումարի նյութական վնաս է կրել: Սոս Սելիմյանը թերահավատորեն է վերաբերում հրդեհի պատճառները բացահայտելու իրավապահների գործին:
Ավելի վաղ NEWS.am-ի Լոռիի թղթակիցը հայտնել էր, որ այսօր՝ ապրիլի 25-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքում: Ժամը 10.03-ին ԱԻՆ Լոռիի մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Խորենացի փողոցի թիվ 2 հասցեում այրվում է հագուստի խանութ: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ Լոռու ՄՓՎ ՃԿԿ օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.21-ին, մարվել` 10.43-ին: Այրվել է Գ.Սելիմյանին պատկանող խանութի կտորեղենի բաժինը (40քմ)` գույքով: Նշված հասցեում SOS հակահրդեհային ազդարարման համակարգ տեղադրված չէ:
Լուսանկարը ՝ Էդվարդ Արզումանյանի /NEWS.am




























