«Ես չգիտեմ` գողական գնալն ինչ է նշանակում»,- ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանն այսպես արձագանքեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի այն հայտարարությանը, թե «գյումրեցիները պետք է ավելի քիչ գողական լինեն»:
Անդրադառնալով Գյումրի քաղաքում վերջին օրերին կատարված աղմկահարույց կրակոցներին ու սպանությանը, Հ. Թովմասյանն ասաց, որ ցանկացած սպանության դեպքում սարսուռ է անցնում իր մարմնով: «Մնացածը երկրորդական բաներ են: Այս հանցագործությունները մեզ մոտ քիչ են, որովհետեւ մոնոէթնիկ ենք, բայց մենք պետք է բացառենք նման դեպքերը: Կյանքից ավելի բարձր բան չկա, չի կարող իշխանությունն ամեն մեկի կողքին լինել եւ պաշտպանել»,- հավելեց Հ. Թովմասյանը:
Ավելի վաղ Գյումրիում տեղի ունեցած այդ դեպքին անդրադառնալով Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ասել էր. «Գյումրեցին, որ էդքան խոսում են պատվից ու ինքնասիրությունից, մի քիչ, սենց ասած, քիչ գողական մտածեն, այդտեղ ամեն ինչ կընկնի իրա տեղը»:
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին, Ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը («Քավոր Հարութ») եւ Արտյոմ Կարապետյանը («Շեկո»): Վերջինս հիվանդանոցում մահացել է:Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) եւ 235 հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Գործով ձերբակալվել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր որդին` Վահե Ղուկասյանը, ով կրակել էր Հարություն Խաչատրյանի («Քավոր Հարութ») եւ Արտյոմ Կարապետյանի («Շեկո») վրա, իսկ նախկին քաղաքապետի մյուս եղբորորդին` Նիկոլայ Ղուկասյանը Բագրատաշեն սահմանակետից բերման էր ենթարկվել, ապա` ազատ արձակվել:
Նշենք, որ «Քավոր Հարութը» եւ «Շեկոն» նախկինում խնդիրներ են ունեցել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատների հետ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մասնավորապես, գյումրեցիների շրջանում տարածված խոսակցությունների համաձայն` փետրվարի 10-ին Վարդան Ղուկասյանի եղբորորդի Նիկոլայ Ղուկասյանին գլխին երկաթե ձողով հարվածել է հենց «Քավոր Հարութի» որդին: Իսկ «Քավոր Հարութի» ընտանիքը մոտ հարաբերությունների մեջ է ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ: Ասում են, որ «Քավոր Հարութը» շատ հայտնի է Գյումրիում: Վարդան Ղուկասյանը NEWS.am-ին հայտնել էր, որ «դա փողոցային խոսակցություն է»:



























