Հայաստանի ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել ապրիլի 23-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցած սպանության դեպքից:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների, ոստիկանության Շիրակի մարզային վարչության եւ Գյումրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ միջոցառումների  շնորհիվ ապրիլի 25-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է ներկայացել 18-ամյա Գեւորգ  Խաչատրյանը եւ ներկայացրել «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ եւ  փամփուշտատուփ` լիցքավորված  5,45 տրամաչափի 14 փամփուշտով:

Գ. Խաչատրյանը հայտարարել է, որ ինքը  ապրիլի 23-ին Շիրակացի փողոցի թիվ 54/Բ շենքի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում այդ ինքնաձիգով ցանկացել է հետապնդել Վահե Ղուկասյանին, ով փոխհրաձգության ընթացքում հրազենային վնասվածքներ է պատճառել իր հորը` Հարություն  Խաչատրյանին («Քավոր Հարութ»):

Գ. Խաչատրյանը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին, Ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը («Քավոր Հարութ») եւ Արտյոմ Կարապետյանը («Շեկո»): Վերջինս հիվանդանոցում մահացել էր: Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) եւ 235 հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Գործով ձերբակալվել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր որդին` Վահե Ղուկասյանը, ով կրակել էր Հարություն Խաչատրյանի («Քավոր Հարութ») եւ Արտյոմ Կարապետյանի («Շեկո») վրա, իսկ նախկին քաղաքապետի մյուս եղբորորդին` Նիկոլայ Ղուկասյանը, Բագրատաշեն սահմանակետից բերման էր ենթարկվել, ապա` ազատ արձակվել:  Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում 24-ամյա Վահե Ղուկասյանը խոստովանել էր, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը:

Նշենք, որ «Քավոր Հարութը» եւ «Շեկոն» նախկինում խնդիրներ են ունեցել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատների հետ: