27-ամյա Գեւորգ Նիկողոսյանը համացանցում թյուրիմացաբար պոռնկագրական բնույթի մեկ տեսահոլովակ է տարածել եւ հայտնվել դատարանում: Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

27-ամյա Գեւորգ Նիկողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Օդնոկլասնիկի» կայքում պայմանական անուններով («xxxARMINKAxxx» եւ «PU4URIK LILUSHIK») իր կողմից օգտագործվող նույն էջում, տեղադրել է 1 հատ պոռնկագրական բնույթի տեսահոլովակ եւ տարածել այն: Առաջադրված մեղադրանքում Գեւորգ Նիկողոսյանն իրեն մեղավոր է ճանաչել եւ մասնակիորեն եւ ցուցմունք տվել այն մասին, որ ազատ ժամանակ զբաղվում է www.odnoklassniki.ru վեբ կայքում առկա խաղերով: Հեռախոսազրույցով պատահական ծանոթացել է Արմինկա անունով մի աղջկա հետ, որին նրա իսկ խնդրանքով անվանել է Լիլուշիկ:

Իր խնդրանքով, Լիլուշիկն իրեն տրամադրել է odnoklassniki.ru կայքի «PU4URIK LILUSHIK» պայմանական անունով էջը: Լիլուշիկի հետ ինքը չի հանդիպել, չգիտի նրա ով լինելը, հեռախոսային խոսակցությունների ժամանակ տեղեկացել է, որ նա աշխատել է Կենտրոն վարչական շրջանում գտնվող ինչ-որ պայուսակների խանութում: Նշված էջն իր կողմից օգտագործվելիս դրանում արդեն ներբեռնված են եղել իրեն անծանոթ տարբեր աղջիկների լուսանկարներ, որոնք ինքը չի ջնջել: Նշված կայքում 2012թ.-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում ներբեռնել է պոռնկագրական բնույթի մեկ տեսահոլովակ: Ինքը կայքից չի հասկանում, միտումնավոր ոչինչ չի արել, պարզապես թյուրիմացաբար կարող է «դաբավիծ է տվել»:

Ոստիկանները եւս տեսել են, որ ինքն այդ տեսանյութին ուղարկված հաղորդագրություններին չի պատասխանել: «LILUSHIK»-ի էջում է եղել այդ տեսահոլովակը, որի պրոֆիլը բաց է եղել եւ կարող էին տեսնել բոլորը: Մինչեւ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳ վարչության աշխատակիցների կողմից իրեն հայտնաբերելը էջի անվանումը «PU4URIK LILUSHIK»-ից վերանվանվել է «xxxARMINKAxxx»-ի, որի վերաբերյալ իրեն ոչինչ հայտնի չէ:

Նիկողոսյանն ասել է, որ ինքը Է. Խ.-ին չի ճանաչում եւ չգիտի, որ նշված էջում առկա լուսանկարներից 2-ը եղել են նրա անձնական նկարները:  Քննելով գործը դատարանը վճռել է Գեւորգ Նիկողոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 263 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ եւ նրան դատապարտել ազատազրկման 1 տարի ժամկետով: Սակայն կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը եւ Գեւորգ Սերյոժայի Նիկողոսյանի նկատմամբ ազատազրկման ձեւով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանելով փորձաշրջան մեկ տարի ժամկետով: