Մենք ապրում ենք վիրտուալ երկրում, որտեղ իրավիճակը մեկն է, իսկ իշխանություններն ու նրա լրատվամիջոցները այն միանգամայն այլ կերպ են մատուցում։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, Նորք Մարաշ վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավար, Երեւանի ագավանու ԲՀԿ-ի ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը։
Նրա խոսքով, իշխանություները կամ չեն ցանկանում հավատալ, որ ինչ- որ մեկը վատ է ապրում, քանի որ իրենք լավ են ապրում, կամ չեն ցանկանում փոխել իրավիճակը։ Որպես երկրում տիրող իրավիճակի ողբերգականության օրինակ նախկին նախարարը բերեց սոցհարցումների տվյալները, որոնց համաձայն Հայաստանի բնակիչների 40 %-ն առաջին իսկ հնարավորության դեպքում պատրաստ է հեռանալ երկրից, իսկ երկիրն ինքը հայտնվել է հոռետեսների ցանկում, ի տարբերություն հարեւան Վրաստանի ու Ադրբեջանի։
Եթե երկրորդ դեպքում բնակչության լավատեսությունը կապված է նավթի հետ, ապա առաջին դեպքում վրացիները հույսը կապել են երկրում փոփոխությունների հետ, եւ արդեն ապացուցել են դա ընտրութունների միջոցով։ Ժողովրդավարության ու արդարության գաղտնիքը ոչ միայն այն է, որ իսկապես արդար ընտրությունների արդյունքում ընտրողները հույսով են լցվում ապագայի հանդեպ, այլեւ, որ ընտրվողը ձգտում է իրեն հնարավորինս ճիշտ պահել, կարծում է Օսկանյանը։
ԲՀԿ ցուցակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող գործարար Գուրգեն Արսենյանն իր հերթին նշեց, որ ԽՍՀՄ տարիներին Հայաստանի բնակչությունը 800 հազարից ավելացել էր մինչեւ 3 մլն։ Իսկ անկախության տարիներին հանրապետությունը կորցրել է բնակչության մեկ երրորդը։ «Նորագույն պատմության ընթացքում հայ ժողովուրդը մեկուսացված է իշխանությունից», - հայտարարել է Արսենյանը՝ ավելացնելով, որ երկի իշխանությունները կիրառում են «բաժանիր՝ որ տիրես» հին սկզբունքը։




























