Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում հավաքված ծաղիկները կօգտագործվեն բացիկների, շնորհակալագրերի եւ նամակների պատրատսման մեջ։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունից, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն արդեն 4-րդ անգամ իր գլխավոր գործընկեր, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կազմակերպել է արդեն ավանդական դարձած ծաղկահավաք։
Միջոցառմանը բացի ՎիվաՍել-ՄՏՍ-ի անձնակազմի, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի եւ Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի աշխատակիցներից մասնակցել են կամավորներ, բազմաթիվ կազմակերպությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ եւ ուսանողներ:
Անմար կրակի մոտ բերված ծաղիկները խնամքով հավաքվել, ցողուններն առանձնացվել են ծաղկաթերթիկներից, որոնցից կպատրաստվի է պարարտախառնուրդ՝ այգիների մշակման համար, իսկ ծաղկաթերթիկներն առանձնացվել են թղթի վերամշակման համար, որոնք հետագայում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից կօգտագործվեն բացիկների, շնորհակալագրերի եւ նամակների նպատակով:
«Թեեւ նախաձեռնողն ենք, բայց մենք ձգտում ենք այն բանին, որ, մեզ հետ թե առանց մեզ, ծաղկահավաքը գեղեցիկ ավանդույթ դառնա եւ շարունակական լինի»,- ասել է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը:
«Մարդիկ հարգանքի տուրք են մատուցում Ցեղասպանության զոհերի հիշատակին` հուշահամալիրի անմար կրակի մոտ ծաղիկներ դնելով: Մի քանի օր հետո այդ ծաղիկները թոշնում են: Ինչպե՞ս կարելի է վարվել այդ ծաղիկների հետ: Հարց, որն առաջին հայացքից պարզ է թվում, սակայն, շատ ավելի բարդ է իրականում եւ բարձրացնում է կարեւոր հարցադրում` որքանո՞վ է նպատակահարմար եւ թույլատրելի, որ այդ ծաղիկները հայտնվեն աղբանոցում կամ այրվեն: Հատկանշական է, որ այրելը բացասական ազդեցություն է թողնում շրջակա միջավայրի եւ հանրային առողջության վրա: Մեր համատեղ ջանքերի շնորհիվ, այդ ծաղիկները ծառայում են մեր Պահանջատիրության գործին»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Նշենք, որ մինչեւ 2010 թվականը շուրջ 2 տոննա ծաղիկներ հավաքվում եւ այրվում էին որպես աղբ: Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը այս խնդրի բնապահպանական լուծումն ապահովելու նպատակով նախաձեռնել է ծաղկահավաքի միջոցառումը, որը եւ սկսվել է իրականացվել 2010 թվականից:
Ծաղկահավաքի նախաձեռնությունը Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից Երկրի օր քարոզարշավի շրջանակներում իրականացվող հիմնական միջոցառումներից է, որն իրականացվում է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ համատեղ:
































