Էրբունցիներով այնպես պետք է անենք, որ Երեւանի քաղաքապետը լինի էրբունցի եւ այդպես էլ անելու ենք: Այս մասին, այսօր` ապրիլի 26-ին, Էրեբունի վարչական շրջանի Նորարեշցիների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՆ նախարարի պաշտոնակատար, Երեւանի ավագանու ընտրություններում ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը եւ հիշեցրեց, որ ինքն էրեբունցի է:

«Արդեն հասել ենք նրան, որ Անահիտ Բախշյանն արդեն իր ասուլիսում Երիցյան Արմենի թեզերն է օգտագործում, որ ասուլիսը մի քի որակ ստանա: Մի լավ խոսք կա, ասում է. «տեղ հասանք»: Անպայման Երիցյան Արմենն էլ մի տղամարդու ձեռք բռնած պետք է նկարվի, որ ասեն սիրում ենք նրան: Մենք սիրում ենք մեր կանանց եւ բալիկների ձեռքը բռնենք նկարվենք, այլ ոչ թե տղամարդկանց ձեռքը բռնած նկարվենք ու Երիցյան Արմենին էլ անուն դնենք»,- ասաց Արմեն Երիցյանը, հավանաբար նկատի ունենալով «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցապաստառը, որտեղ ձեռք-ձեռքի տված նկարված են Րաֆֆի Հովհաննիսյանն ու Արմեն Մարտիրոսյանը:

Միաժամանակ Երիցյանը նշեց, որ ընտրվելու դեպքում բոլոր քաղաքական ուժերին հրավիրելու է համագործակցության: «Ոչ թե կկանչեմ իմ մոտ, այլ ես կգնամ իրենց մոտ: Ծանոթանալով բոլորի ծրագրերին, կասեմ, որ պատրաստ եմ բոլոր լավ դրութներն իրականացնել: Մենք երեւանցիներ ենք, ոչ թե՝ թշնամիներ»,- ավելացրեց Արմեն Երիցյանը:

Էրեբունցիները հանդիպման ընթացքում բարձրացրեցին լուսավորության, ասֆալտի եւ ոռոգման ջրի խնդիրները: «Նախկինում էրեբունցիները հպարտանում էին իրենց աճեցրած թարխունով եւ ռեհանով, այնինչ հիմա ջուր չունենք, որ աճեցնենք»,- բարձրաձայնեց բնակիչներից մեկը: Արմեն Երիցյանն էլ խոստացավ  խնդրին լուծում տալ եւ ընդգծեց, որ ժողովրդին միայն ծրագրով հնարավոր չէ կերակրել, այլ ժողովուրդը պետք է այն կյանքի կոչված տեսնի: