Հիմա այդքան էլ մոդայիկ չէ երեւանցի լինելը, բայց մենք պետք է վերականգնենք մեր ավանդույթները, ասենք մենք երեւանցի ենք եւ հպարտ ենք: Այս մասին, այսօր` ապրիլի 26-ին, Էրեբունի վարչական շրջանում, նորարեշցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԻՆ նախարարի պաշտոնակատար, Երեւանի ավագանու ընտրություններում ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը:
Նա ասաց, որ հիմա շատ մոդայիկ է լինել ղարաբաղցի, ապարանցի, քյավառցի, բայց ոչ՝ երեւանցի: Նա առանձնացրեց աշխատատեղերի խնդիրը եւ ընդգծեց, որ այնպես պետք է անեն, որ տղամարդիկ առավոտյան սափրվեն եւ գնան աշխատանքի: Երիցյանը կարեւորեց նաեւ կանանց զբաղվածության խնդիրը, նշելով. «Մենք գիտենք, որ կանայք օրական օգտագործում են 5 հազար բառ, իսկ տղամարդիկ 3 հազար: Պետք է կանայք գնան աշխատեն խոսեն, որ տուն գան էլ չխոսեն: Դա շատ կարեւոր է տղամարդկանց համար: Մենք դրան պետք է հասնենք»:
Նա տեղեկացրեց, որ այսօր հանձնարարել է, որ 53 տարեկան մի կնոջ, ով ֆրասներենի մասնագետ է աշխատանքի նշանակեն, այնինչ` շատերը դժգոհում են, որ 25-ից բարձր տարիքի մարդկանց աշխատանքի չեն ընդունում: «Մեզ մոտ նման բան չկա: Ինձ պետք չեն ջահել աղջիկներ, որ ուղեղ չունեն: Բայց ջահելների մեջ էլ ուղեղներ կան եւ նրանք էլ իրենց տեղը ունեն: Արտասհմանում 60 տարեկանից հետո նոր կյանքը սկսվում է մենք դրանք պետք է հասնենք: Մենք այնպես պետք է անենք յուրաքանչյուրը տեսնի եւ հավատա մեզ»,-ասել է Արմեն Երիցյանը:




























