Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահանյանն այսօր` ապրիլի 26-ին,  հանդիպել է Երիտասարդական խորհրդարանի հանձնաժողովների նախագահների եւ խումբ-խմբակցությունների ղեկավարների հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԺ-ի կայքից: ԱԺ նախագահը հետաքրքրվել է ԵԽ աշխատանքների ընթացքով, քննարկվեցին առկա խնդրները, գործունեության արդյունավետության բարձրացման հնարավորությունները: Հովիկ Աբրահամյանը երիտասարդ խորհրդարանականներին հորդորել է  լինել ավելի նախաձեռնող ու նպատակասլաց, ցուցաբերել հետեւողականություն: Նա կարեւորել է ԱԺ համապատասխան հանձնաժողովների եւ մյուս կառույցների հետ Երիտասարդ խորհրդարանի ստորաբաժանումների ու անդամների համագործակցության ակտիվացումը, օրենսդրական նախաձեռնությունների համատեղ քննարկումները: «Ձեզ տրված են լայն հնարավորություններ, մենք խորհրդարանում բաց ենք համագործակցության համար, եւ ձեր նախաձեռնողականությունից է նաեւ մեծապես կախված, թե ինչ արդյունավետությամբ կօգտագործեք ընձեռնվածը, որքանով նպատակային կօգտվեք փորձառության այս յուրահատուկ կառույցից»,-նշել է Ազգային ժողովի նախագահը:

Հովիկ Աբրահամյանը պատասխանել է նաեւ ԵԽ անդամներին հետաքրքրող հարցերին, մի շարք առաջարկներ արժանացան համատեղ քննարկման: Մասնավորապես՝ խորհրդարանի ղեկավարը կարեւորել է ԵԽ համագործակցությունը նաեւ արտերկրի համանման կառույցների հետ, ընդգծվել խորհրդարանից դուրս տարվող նպատակային աշխատանքի անհրաժեշտությունը: ԱԺ նախագահը նաեւ աջակցելու պատրաստակամություն է հայտնել «Երիտասարդական խորհրդարան» պուրակ հիմնելու ԵԽ անդամների առաջարկին: