NEWS.am-ի հարցազրույցը Հայաստանում Իրաքի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Հայդար ալ Սումեդայիի հետ:

Ինչպե՞ս եք գնահատում մեր երկրների միջեւ երկկողմ հարաբերությունների մակարդակը:

Հաշվի առնելով, որ երկրի կյանքում նոր էջ է բացվել նախորդ ռեժիմի փոփոխությունից հետո, եւ հաշվի առնելով իր տնտեսական շահերը, Իրաքի կառավարությունը նոր տնտեսական քաղաքականություն է իրականցնում: Իրաքի կառավարությունը ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, ինչպես նաեւ բարձր մակարդակի դիվանագիտական հարաբերություններ ստեղծել եւ մոտ ժամանակներս Իրաքն իր դեսպանին կուղարկի Հայաստան: Իրաքը մտադիր է Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել բոլոր ոլորտներում, սկսած տնտեսականից եւ ավարտած մշակույթի եւ կրթության ոլորտներով: Մենք առանձնահատուկ գնահատում ենք Հայաստանի  կառավարության եւ, հատկապես, ԱԳՆ-ի դերը Իրաքի դիվանագիտական ներկայացուցչություն բացելու հարցում:

Ի՞նչ եք կարծում, ո՞ր ոլորտները կարող են հետաքրքրել իրաքցի ներդրողներին:

Հայաստանը գրավիչ երկիր է ներդրումների առումով: Արաբական տարածաշրջանը լարվածության մեջ է գտնվում, Հայաստանում բարենպաստ  երկիր է դառնում ներդրումներ կատարելու համար: Օրինակ, Հայաստանը էլեկտրաէներգիա արտադրող երկիր է, իսկ Իրաքը դրա կարիքը շատ ունի: Ներդրումներ հնարավոր են նաեւ առողջապահության ոլորտում: Վերջերս Հայաստան է այցելել Իրաքի պատվիրակությունը՝ առողջապահության փոխնախարարի տեղակալի գլխավորությամբ, տեղի են ունեցել բանակցություններ եւ, հնարավոր է, դրանով համագործակցության նոր հորիզոններ կուրվագծվեն, մասնագետների փոխանակում կկատարվի: Հնարավոր են նաեւ ներդրումներ զբոսաշրջության ոլորտում, քանի որ երկու ժողովուրդները մոտ են իրենց ավանդույթներով: Բացի այդ, Հայաստանը զբոսաշրջիկի համար գրավիչ է իր մատչելի գներով, ինչպես նաեւ կլիմայական պայմաններով: Մենք Հայաստանի հետ սերտ եւ լուրջ համագործակցության հույս ունենք եւ այդ ճանապարհին գոյություն ունեցող խոչընդոտները ժամանկի հետ կվերանան:

Պատմեք մի փոքր Իրաքում հայկական համայնքի մասին, ինչպիսի՞ն է նրա ներկայացվածությունը երկրի սոցիալ-տնտեսական կյանքում:

Իրաքի հայ համայնքը եղել եւ մնում է մի համայնք, որը ազդեցություն ունի երկրի կյանքի տարբեր ոլորտներում: Մենք հույս ունենք, որ հայերի ներդրումը Իրաքի տնտեսության մեջ եւս թույլ կտա Հայաստանի հետ տնտեսական եւ միջպետական հարաբերություններ զարգացնել: Ներկայումս Իրաքի տարբեր քաղաքներում ապրում է մոտ 13 հազար հայ: Մենք երախտապարտ ենք Հայաստանի կառավարությանը՝ Իրաքի հայերին ապաստան եւ համապատասխան օգնություն տրամադրելու համար:

Ինչպիսի՞ն է Իրաքի պաշտոնական դիրքորոշումը Ղարաբաղի հարցում:

Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ խաղաղ ջանքերի օգնությամբ եւ առանց պատերազմի: