Ապրիլի 27-ին Հայաստանի պաշտպանության նախարար Ս.Օհանյանը հանդիպում ունեցավ Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը բարձր գնահատեց դեսպան Կովալենկոյի պաշտոնավարման ժամանակահատվածում գործադրած ջանքերը` մեր երկրների դաշնակցային եւ ռազմավարական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման համար, ինչի վկայությունն են իրականացված բարձր մակարդակի բազմաթիվ փոխայցելությունները, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ ստորագրված մի շարք, այդ թվում` պաշտպանական ոլորտին առնչվող փաստաթղթերը:
Կողմերը համոզմունք հայտնեցին, որ հայ-ռուսական ռազմաքաղաքական առկա համագործակցությունը կարեւոր երաշխիք է ինչպես երկու երկրների, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության համար` ելնելով երկարաժամկետ հեռանկարից:
Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին շնորհակալություն հայտնեց արդյունավետ ծառայության համար եւ հաջողություն մաղթեց հետագա գործունեության ընթացքում:
Իր հերթին դեսպան Կովալենկոն հավաստիացրեց, որ այսուհետ եւս կշարունակի մնալ Հայաստանի ու հայ ժողովրդի բարեկամը եւ ջանքեր չի խնայի երկու պետությունների բարեկամությանը նպաստելու համար:




























