Ադրբեջանցի խաղաղապահները շատ հեռուն չեն գնացել իրենց պրոֆեսիոնալ ունակությունները բարձրացնելու գործում, հաշվի առնելով, թե ինչ վայրերում եւ ինչ որակով են նրանք ծառայում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը՝ մեկնաբանելով իր խաղաղապահների լիազորություններն ընդլայնելու ադրբեջանական կողմի մտադրությունը:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Միլի Մեջլիսում կքննարկվի «Խաղաղապահ առաքելություններին Ադրբեջանական Հանրապետության մասնակցության մասին» օրենքում փոփոխությունների հարցը, որն, իբր թույլ կտա ադրբեջանցի խաղաղապահներին միանալ միջազգային մասշտաբի ռազմական գործողություններին:

Փորձագետի խոսքով՝ նման ձեւակերպումը շատ ծիծաղելի է հնչում, քանի որ փորձում է համադրել անհամադրելի երկու հասկացություններ՝ խաղաղապահ գործունեությունը եւ ռազմական գործողությունը: «Բայց առավել էական է այն, որ ադրբեջանցի խաղաղապահները չեն կարողացել բարձրացնել իրենց պրոֆեսիոնալ ունակությունները եւ նրանց այնքան էլ չեն վստահում միջազգային առաքելություններում»,-ասել է փորձագետը՝ հիշեցնելով, որ Աֆղանստանում կան ադրբեջանական փոքրաթիվ ստորաբաժանում, որը զբաղվում է թիկունքային հարցերով:

Հայ խաղաղապահները, հակառակը, ակտիվորեն մասնակցում են խաղաղապահ գործունեությանը, հայ «երկնագույն սաղավարտները» մասնակցել են խաղաղապահ առաքելությունների Կոսովոյում, Իրաքում եւ Աֆղանստանում: Արկադի Գրիգորյանը նաեւ հիշեցրել է, որ Հայաստանի եւ Արցախի զինված ուժերի շնորհիվ է, որ ԼՂ տարածաշրջանում հրադադար է հաստատվել: