Բանգլադեշում փլուզված շենքի փլատակների տակից փրկարարները հանել են մի կնոջ, ով մոտ 100 ժամ գտնվել է այնտեղ եւ կենդանի է մնացել, հաղորդում է «Ֆրանսպրեսը»:

Փրկարարները պատմել են, որ կիրակի առավոտյան հանկարծ օգնության կանչ են լսել եւ, բետոնե պանելները մի կողմ հրելով,  նկատել են տուժածին: Նրա փրկությունը հույս է ներշնչել, որ փլատակների տակից դեռ կարելի է հանել կենդանի մարդկանց:Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայի արվարձանում ֆաբրիկայի շենքի փլուզման արդյունքում զոհվել էր ավելի քան 363 մարդ,  անհայտ կորածների թիվը հասել է մոտ  840 մարդու: