Ինդոնեզիայի դեսպանատունը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունը՝ Հայաստանում դեսպանատուն բացելու վերաբերյալ:
NEWS.am-ի հարցմանը, թե արդյոք ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուրերը՝ Ջակարտայում Հայաստանի դեսպանատուն բացելու հարցում ինդոնեզական իշխանությունների մերժման մասին, համապատասխանո՞ւմ են իրականությանը, Կիեւում Ինդոնեզիայի դեսպանատնից հայտնել են, որ դեռ այս տարվա սկզբին Երեւան է ուղարկվել Ինդոնեզիայում Հայաստանի դեսպանատուն բացելու Ինդոնեզիայի իշխանությունների համաձայնությունը: «Ինդոնեզիայի խորհրդարանի ղեկավարը Ջակարտայում Հայաստանի դեսպանատուն բացելու վերաբերյալ ոչ մի հայտարարություն չի արել: Ինդոնեզիան աջակցում է ղարաբաղյան խնդրի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ՄԱԿ-ի կանոնադրության նորմերի եւ սկզբունքների համաձայն»,- ընդգծել են դեսպանատանը:
Ադրբեջանական լրատվամիջոցների համաձայն` Ադրբեջանի Միլլի Միջլիսի նախագահ Օգթայ Ասադովը Ինդոնեզիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարզուկի Ալիեի գլխավորությամբ խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է, որ «վերջերս Ինդոնեզիան իր տարածքում Հայաստանի դեսպանատուն բացելու համաձայնություն չի տվել»:
«Մազրուկի Ալիեն նշել է, որ Ինդոնեզիան աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաեւ հարգանքով է վերաբերում սահմանների անխախտելիության սկզբունքին: Հյուրն ասել է, որ Ինդոնեզիան կողմնակից է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ ՄԱԿ-ի անվտանգության Խորհրդի բանաձեւերի եւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում», հայտնում է 1news.az-ը:




























