Հունաստանում ապրիլի 29-ին երկու առեւտրային բեռնանավ են բախվել, նրանցից մեկը խորտակվել է: Ինչպես հայտնել է տեղի պահակախմբի ղեկավարը, պատահարը տեղի է ունեցել Սապիենցա հունական փոքրիկ կղզուց 75 ծովային մղոն հեռավորության վրա:
Խորտակված բեռնանավի 10 անդամ անհայտ կորած են համարվում, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», Consouth բեռնանավը բախվել է Piri Reis բեռնանավի հետ Իոնյան ծովի հարավային հատվածում Հունաստանի ափերից ոչ հեռու: Բախումից հետո Piri Reis-ը 7 րոպեների ընթացքում խորտակվել է, դրա անձնակազմի երկու անդամ մահացել է, 8-ն անհայտ կորած են համարվում: Consouth բեռնանավի անձնակազմից ոչ ոք չի տուժել:
Թուրքական Տուզլա նավահանգստից Մալթա ուղեւորվող Անտիգուա Բարբուդա դրոշի տակ 16 անդամներից կազմված Consouth բեռնանավը, որի անդամներից հինգը ՌԴ-ի քաղաքացիներ էին, տասը լեհեր եւ մեկ ֆիլիպինցի բախվել է Piri Reis բեռնանավի հետ, որը Կուկա կղզիների դրոշի տակ է երթեւեկել եւ որի տախտակամածին 17 մարդ է եղել:




























