Վերջին տասը տարում ԱՄՆ ԿՀՎ-ն ամեն ամիս Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի վարչակազմին «տասնյակ միլիոնավոր դոլարներ» է փոխանցում, որոնք գաղտնի, պայուսակներով, ուսապարկերով եւ պլաստիկե տոպրակներով տեղափոխվում են Քաբուլ: Մանրամասները պարզել է The New York Times թերթը:
Հալիլ Ռոմանը` Քարզայի շտաբի նախկին պետը, պարբերականին պատմել է, թե այդ փոխանցումները կոչվում էին «թափանցիկ գումարներ»:
ԿՀՎ-ի կողմից Աֆղանստանի նախագահին վճարելու գլխավոր նպատակը Քարզայի մտերիմներին հետեւելն է, նաեւ երկրի իշխանական կառույցների վրա ամերիկյան հետախույզների ազդեցության ամրապնդումը: «Աֆղանստանում կոռուպցիայի գլխավոր պատճառը Միացյալ Նահանգներն են»,- նշել է պարբերականի զրուցակիցը:
Թերթի տվյալներով, Ամերիկան վճարել է Քարզային, որ հնարավորություն ունենա ղեկավարել «Ալ-Կաիդա»-ի եւ նրա դաշնակիցների դեմ գաղտնի պատերազմը: Այդ գումարները ստացել է ոչ միայն Քարզայը, այլեւ բաժանվել են բարձրաստիճան զինվորականների եւ քաղաքական գործիչների միջեւ: Ինչպես նշվում է հոդվածում, այդ անձանցից մի քանիսը կապ են ունեցել թմրավաճառների եւ «Թալիբան» շարժման հետ, գրում է NEWSru.com-ը:
The New York Times-ը չի կարողացել որեւէ մեկնաբանություն ստանալ ԿՀՎ-ից աֆղանական ղեկավարությանը վճարումների վերաբերյալ:




























