Բոսթոնի ահաբեկչությունը Ցարնաեւ եղբայրների գործողությունների արդյունքն է, սակայն նրանք չէին կարող նման բան իրականացնել առանց որոշակի ուղղվածությամբ ուժերի օգնության: Այս մասին այսօր` ապրիլի 29-ին, հայտարարել է իսլամագետ Սարգիս Գրիգորյանը: Նրա համոզմամբ` ահաբեկչության ժամանակ կիրառված պայթուցիկ սարքերի օգտագործման համար լուրջ գիտելիքներ են անհրաժեշտ:

«2001 թվականից հետո, երբ ծայրահեղական խմբավորումներն սկսեցին լուրջ ճնշումների հանդիպել, իսլամիստական շրջաններում սկսվեց քննարկվել այն հարցը, թե ինչպես իրականացնել հետագա ահաբեկչական գործողությունները: Ամեն ինչ բերել է նրան, որ տարածվել են ահաբեկչության անհատական գործողությունների գաղափարները»,- նշել է  Սարգիս Գրիգորյանը` ընդգծելով, որ Բոսթոնում հենց նմանատիպ դեպք է եղել:

2001 թվականի սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո «Ալ-Կաիդա» ահաբեկչական ցանցի նոր գաղափարախոսները որոշել են ահաբեկչություններն իրականացնել բաց ճակատում (Սիրիա, Մալի): «Ներկայումս Արեւմուտքի դեմ պայքարի համար նրանք անհատական ջիհադ են իրականացնում»,- ամփոփել է Սարգիս Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Բոսթնում միջազգային մարաթոնի ժամանակ երկու պայթուցիկ սարք է պայթել: Ահաբեկչության հետեւանքով երեք մարդ է զոհվել, եւս 183-ը վիրավորվել է: