Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում ապրիլի 25-27-ը տեղի է ունեցել Եվրոպայի Խորհրդի կրթության նախարարների մշտական հանձնաժողովի 24-րդ նստաշրջանը, որի աշխատանքներին մասնակցել է նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նստաշրջանի ընթացքում քննարկվել են Եվրոպայի կրթական ռազմավարություններին, որակյալ կրթության ապահովմանը, ինչպես նաեւ կառավարմանը եւ որակյալ կրթության ժամանակակից մարտահրավերներին վերաբերող հարցեր: Նստաշրջանի բացման արարողության ժամանակ ընդգծվել է Եվրոպայի Խորհրդի կողմից կրթական ոլորտին տրվող նախագծերի կարեւորությունը, նաեւ այն հանգամանքը, որ Եվրոպայի Խորհրդի նախագահության ընթացքում Հայաստանը նույնպես իր առաջնահերթությունների մեջ է դիտարկում կրթական ծրագրերը, եւ Հայաստանի նախագահության ընթացքում շարունակական են լինելու արդեն մեկնարկած նախագծերը:
Արմեն Աշոտյանը, որպես համաժողովի հիմնական բանախոսներից մեկը, իր ելույթում նախ խոսել է կրթության որակի, կրթական ոլորտում կոռուպցիոն ռիսկերի դրսեւորման եւ կրթության կառավարման խնդիրների մասին: Երկրորդ ելույթում Արմեն Աշոտյանն անդրադարձել է համաժողովի եզրափակիչ փաստաթղթում ներառելու համար Հայաստանի կողմից ներկայացրած առաջարկների հիմնավորումներին: «Կրթության իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է, որը սահմանված է օրենքներով եւ մարդու իրավունքների միջազգային տարատեսակ կոնվենցիաներով: Այդ իրավունքը վերաբերում է կոնկրետ մարդկանց, քաղաքացիներին եւ ոչ թե պետություններին, ու այդ իրավունքը երաշխավորված է միջազգային եւ եվրոպական հանրության կողմից: Եվրոպայի կրթական տարածքում «սեւ բծերի» առկայությունը պատիվ չի բերում Եվրոպայի խորհրդին: Խնդիրը բնավ քաղաքական դաշտ չեմ տեղափոխում, թեպետ ես ոչ միայն կրթության նախարար եմ, այլ նաեւ քաղաքական գործիչ: Խնդիրը բարձրաձայնում եմ` մտահոգ լինելով այն հարյուր հազարավոր մարդկանց ճակատագրերով, ովքեր բնակվում են Եվրոպայի տարածքում, սակայն ներկայացված չեն Եվրոպայի անդամ երկրներով»: Արմեն Աշոտյանը վկայակոչել է նաեւ այն իրողությունը, որ «կրթություն առանց խտրականությունների» միջազգային բոլոր փաստաթղթերը վերաբերում են բոլոր քաղաքացիներին՝ անկախ նրանց բնակավայրից: Ըստ նախարարի պաշտոնակատարի` կրթության իրավունքը ենթադրում է կրթական որակավորումների փոխճանաչում, որակյալ կրթություն ստանալ, միջազգային կրթական նախաձեռնություններում ինտեգրում, հավասար իրավունքներ եւ հնարավորություններ:
Եվրոպայի Խորհրդի կրթության նախարարների մշտական հանձնաժողովի 24-րդ նստաշրջանի եզրափակիչ փաստաթղթում միաձայն ընդունվել են հայկական կողմի ներկայացրած առաջարկները` ԵԽ համապատասխան կրթական ենթակառուցվածքների եւ ինստիտուտների կողմից ուսումնասիրություններ անցկացնել եւ զբաղվել այն մարդկանց կրթության իրավունքի հետագա ճակատագրով, ովքեր բնակվում են Եվրոպայի տարածաքում, սակայն, դուրս են Եվրոպայի խորհրդի անդամ երկրների սահմաններից: Նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը նշել է, որ համաժողովի վերջնական փաստաթղթում ամրագրվել է կրթության որակը բարելավելու եւ որակյալ կրթություն ստանալու ԵԽ անդամ երկրների քաղաքական կամքը` նպատակ ունենալով կանխել ցանկացած խտրականություն` գործընթացից դուրս մնացող մարդկանց, քանի որ վերջիններս ունեն կրթության նույն իրավունքները, ինչ որ համաժողովի դահլիճում նստած նախարարները: Հավելենք, որ նմանատիպ պետություն է նաեւ ԼՂՀ-ն:
Այցի ընթացքում Արմեն Աշոտյանը նաեւ մի շարք երկկողմանի հանդիպումներ է ունեցել Անդորրայի, Ֆինլանդիայի, Գերմանիայի Սաքսոն-Օհայ նահանգի կրթության նախարարների հետ:



























