Ամերիկյան իրավապահ մարմիններն արդեն հերքում են, որ Ցարնայեւ եղբայրների ընկերը հանդիսացող Միշան որեւէ ազդեցություն կամ կապ է ունեցել բոսթոնյան ահաբեկչության հետ: Այդ մասին, այսօր՝ ապրիլի 29-ին, հիշեցրել է իսլամագետ Սարգիս Գրիգորյանը:
«Պարզվել է, որ եղբայրների հորեղբայր Ցարնի Ցարնայեւն ամուսնացած է եղել ԿՀՎ-ի աշխատանկիցներից մեկի դստեր հետ, որն էլ ժամանակին ծառայել է Թուրքիայում: Հենց նա է առաջին անգամ հայտարարել, որ Միշան, որին կասկածում էին ահաբեկչությանը մասնակից լինելու մեջ, իբր հայ է»,-նշել է Սարգիս Գրիգորյանը՝ ավելացնելով, որ Ցարնայեւների ծնողների պնդմամբ, Միշան վերջերս կրոնափոխ է եղել եւ սկսել է իսլամ դավանել: Փորձագետն ընդգծել է, որ իսլամիստական շրջանակները բավականին անլուրջ են վերաբերում նորաթուխ մահմեդականներին եւ վերջիններիս համար շատ դժվար է է իսլամիստական գաղափարներ կրելը, հատկապես դրանք ուրիշ մահմեդականի փոխանցելը:
Սարգիս Գրիգորյանի համոզմամբ՝ Արեւմուտք գաղթածները մեծամասամբ աշխատում են իրենց այլ մարդ ներկայացնել: «Հնարավոր է, որ նա ադրբեջանցի է եւ իրեն Ադրբեջանից գաղթած հայ է ներկայացնում, որին այնտեղ հետապնդել են, որն ընտանիքով ԱՄՆ է տեղափոխվել», ասել է իսլամագետը:




























