Հերթական այցով, ապրիլի 29-ից մայիսի 2-ը Երեւան են ժամանել Բելառուսի Գրոդնոյի մարզի գործարարները, ովքեր ապրիլի 29-ին ՀՀ առեւտրա-արդյունաբերական պալատում հանդիպում են ունեցել հայ գործընկերների հետ։ Հանդիպմանը ներկայացվել են երկու երկրների ներդրումային հնարավորությունները, կազմակերպվել են ապրաքատեսակների եւ ծառայությունների շնորհանդեսներ, կլոր սեղաններին ստեղծվել են նոր կապեր, որով ավելի են տեղեկացվում եւ փոխվստահությունն ավելացնում գործարարները։ Բելառուսական պատվիրակությունը ներկայացրել է տնտեսության տարբեր ոլորտներ՝ սննդային խտանյութերի արտադրություն, մսի վերամշակում, կաթնամթերքների արտադրություն եւ իրացում, տղամարդու, կանացի եւ մանկական գուլպա–նասկեղենի արտադրություն, ալյուրեղենի արտադրություն, տրակտորային տեխնիկայի ու պահեստամասերի արտադրություն եւ այլն։
Հայաստանում Բելառուսի դեսպան Ստեփան Սուխարենկոն եւ Երեւանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը նշել են, որ հայ–բելառուսական տնտեսական կապերը ծավալելու լուրջ ներուժ կա, այդ թվում նաեւ դիվանագիտական գործոնը։
Բելառուսի առեւտրաարդյունաբերական պալատի Գրոդնոյի մասնաճյուղի եւ Երեւանի առեւտրաարդյունաբերական պալատի միջեւ ստորագրվել է համագործակցության համաձայնագիր։ Հանդիպումները կազմակերպում են Երեւանի եւ Գրոդնոյի առեւտրաարդյունաբերական պալատները։




























