Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր՝ ապրիլի 29-ին, ընդունել է Հայաստանում Ավստրալիայի նորանշանակ դեսպան Պոլ Մայլերին (նստավայրը` Մոսկվա)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ նախարար Նալբանդյանը հույս է հայտնել, որ նա նոր լիցք կհաղորդի երկու երկրների հարաբերությունների զարգացմանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Մայլերը նշել է, որ Ավստրալիան կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը եւ հավաստիացրեց, որ բոլոր ջանքերը կներդնի հայ-ավստրալիական բարեկամությունն էլ ավելի խորացնելու համար: Դեսպան Մայլերը կարեւորել է անցած տարի ՀՀ ԱԳ նախարարի Ավստրալիա կատարած այցելությունը եւ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնց իրագործումը թույլ կտա ընդլայնել երկկողմ փոխգործակցությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են երկու երկրների միջեւ միջազգային կազմակերպություններում համագործակցությանը, առեւտրատնտեսական, մշակութային ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցերին:
Նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։ Այդ համատեքստում Հայաստանի արտգործնախարարը բարձր է գնահատել Ավստրալիայի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ:




























