Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի միջեւ բանակցություններ են ընթանում: 10 տարվա ընթացքում Ճապոնիայի վարչապետն առաջին անգամ է Ռուսաստան ժամանել պաշտոնական այցով` Կուրիլյան կղզիների հարցը քննարկելու համար:
Ինչպես հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն, առաջնորդների զրույցն այսօր` ապրիլի 29-ին, ընթացել է Կրեմլի Մեծ պալատում:
«Համոզված եմ` այսօր մենք կխոսենք մեր առանցքային հարցերի վերաբերյալ, Ռուսաստանի եւ Ճապոնիայի միջեւ խաղաղ պայմանագրի մասին, կխոսենք տարածաշրջանի առավել սուր հարցերի վերաբերյալ, մենք համատեղ աշխատանքի փոքրիկ ծրագիր ունենք»,- օրակարգը հայտարարել է Վլադիմիր Պուտինը, գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:
Հանդիպումից առաջ Կրեմլի Ալեքսանդրյան այգում Աբեն մասնակցել է Անհայտ զինվորի գերեզմանին ծաղկեպսակ դնելու արարողությանը, գրում է ՆՏՎ-ն:
Մոսկվա ժամանելուց առաջ, Ճապոնիայի վարչապետը հայտարարել է, որ ցանկանում է Պուտինի հետ անձնական վստահելի հարաբերություններ հաստատել եւ սկսել խաղաղ պայմանագրի վերաբերյալ բանակցությունները:
Ճապոնիան հավակնում է Իտուրուպ, Կունաշիր, Շիկոտան եւ Հաբոմայի Կուրիլյան կղզիներին` վկայակոչելով 1855 թվականի առեւտրի եւ սահմանների վերաբերյալ Տրակտատը: Միայն դրանց վերադարձնելու դեպքում Տոկիոն պատրաստ կլինի Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել: Մոսկվան էլ իր հերթին հիշեցնում է, որ կղզիները ԽՍՀՄ կազմի մեջ են մտել Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո:




























