Այսօր՝ ապրիլի 29-ին, ամբողջ աշխարհում նշվում է Պարի միջազգային օրը: Հայկական պետական մանկավարժական համալսարանի Պարարվեստի մանկավարժության ամբիոնն այդ առթիվ հյուրընկալել էր կարճատեւ այցով Հայաստանում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Միջազգային պարային խորհրդի նախագահ Ալկիս Ռաֆտիսին:
Վերջինս ուրախությամբ նշել է, որ կրկնակի ուրախ է մասնագիտական տոնը նշել պարային հարուստ ավանդույթներ ունեցող Հայաստանում: «Յուրաքանչյուր երկիր ունի իրեն հատուկ պարատեսակը, որով հայտնի է ամբողջ աշխարհում. Իսպանիայում` ֆլամինգոն, Կուբայում` սալսան, Արգենիտնայում`տանգոն: Հազարամյակների պատմություն ունեցող հայկական ժողովրդական պարն ու հատկապես քոչարին այս առումով չեն զիջում դրանցից եւ ոչ մեկին: Ուրախ եմ եւ հաճելիորեն զարմացած, որ ազգագրական, ժողովրդական պարերից բացի հայը բարձր վարպետությամբ կատարում է նաեւ այլ ժողովուրդների պարեր»:
Պարագետն ընդգծել է, որ հայկական պարը չափազանց լավն է ու գրավիչ. այն անպայմանորեն պետք է ճանաչելի դարձնել աշխարհին. «Եկեք մեր երկիր, ներկայացրեք, տարածեք եւ նորաձեւ դարձրեք ձեր պարերը: Վստահ եմ` Հայաստանի, մասնավորապես, Մանկավարժական համալսարանի Պարարվեստի մանկավարժության ամբիոնի հետ մեր համագործակցությունը նոր ընթացք կստանա»:
Ի դեպ, Միջազգային պարային խորհրդի նախագահ Ալկիս Ռաֆտիսը Պարարվեստի միության նախագահ, Պարարվեստի մանկավարժության ամբիոնի վարիչ Կարեն Գեւորգյանին է հանձնել ամբիոնի` խորհրդին անդամակցելու հավաստագիր եւ տեղեկացրեց` 2014 թվականին նախատեսվող Պարի համաշխարհային կոնգրեսը կանցկացվի Երեւանում:
Պարի միջազգային օրը Մանկավարժականում նշանավորվել է նաեւ ազգագրագետ, բանահավաք, հայ պարարվեստի մեծ երախտավոր Սրբուհի Լիսիցյանի`«Հայ ժողովրդի հինավուրց պարերը եւ թատերական ներկայացումները» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսով:
Միջոցառմանը ներկա է եղել նաեւ ՀՀ Մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը: Նա, շնորհավորելով պարարվեստի երախտավորներին եւ կարեւորելով միջոցառման անցկացումը Մանկավարժականում, ընգծել է.«Պրոֆեսոր Սրբուհի Լիսիցյանի գրքի շնորհանդեսն ու մի շարք կարեւոր իրադարձությունները եւս մեկ անգամ մեզ հավաքեցին արդեն ձեւավորված ավանդույթներ ունեցող Կուլտուրայի ֆակուլտետի հարկի ներքո: Պարը ազգի կերպարը, կենսակերպն ու զգացմունքերներն արտահայտող արվեստ է. վստահ եմ` ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս կատարվող ծավալուն աշխատանքները կնպաստեն ՀՀ-ում ազգային պարարավեստի զարգացմանը»: Հասմիկ Պողոսյանը Միջազգային պարային խորհրդի նախագահ Ալկիս Ռաֆտիսին նվիրել է օրը խորհրդանշող հուշանվեր՝ պարուհու արձան:
Պարի միջազգային օրվան նվիրված միջոցառման ընթացքում Պարարվեստի մանկավարժության բաժնի ուսանողներն ու «Բերդ» պարային համույթը ներկայացրել են երկու նոր` Հայ արիներ եւ Խաղողօրհնություն պարային բեմադրությունները:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) որոշմամբ՝ 1982-ից սկսած ամեն տարի ապրիլի 29-ին նշվում է Պարի միջազգային օրը:




























