Ապրիլի 29-ին Հայաստանի ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են Եվրոպական խորհրդարանի պահպանողականների եւ ռեֆորմիստների խմբակցության հետ:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ պատվիրակության ղեկավար Մարտին Քալանան տեղեկացրել է, որ իրենց այցի նպատակն է հանդիպել հայ խորհրդարանականների հետ, հաստատել համագործակցություն քաղաքական կուսակցությունների հետ եւ ծանոթանալ Հայաստանի քաղաքական խնդիրներին:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել է եվրաինտեգրման ուղղությամբ Հայաստանի որդեգրած ուղին, Ասոցացման համաձայնագրի արագ ստորագրումը, ինչպես նաեւ ժողովրդավարության կառուցման ուղղությամբ բարեփոխումների անհրաժեշտությունը:
Ներկաներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին:
ՀՀԿ խմբակցության անդամ, Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ղեկավար Սամվել Ֆարմանյանը գոհունակությամբ նշել է, որ Եվրոպական խորհրդարանի գործընկերները նկատում են Հայաստանի՝ եվրաինտեգրման ուղղությամբ ներդրած ջանքերը: Այս առումով ԱԺ պատգամավորը կարեւորել է Ասոցացման համաձայնագրի արագ ստորագրումը, ինչը Հայաստանի համար մեծ հեռանկարներ կբացի Եվրամիության հետ քաղաքական ասոցացման եւ տնտեսական ինտեգրման ուղղությամբ:
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը խոսել է Հայաստանի տնտեսական եւ սոցիալական իրավիճակից, հատկապես անդրադարձավ աղքատության եւ գործազրկության ցուցանիշի բարձր մակարդակին: Պատգամավորը նշել է, որ երկրում կա նաեւ արտագաղթի հիմնախնդիրը:
ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը եւ «Բարգավաճ Հայաաստան» խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը կարեւորել են ԵՄ ինտեգրացիոն գործընթացները, ընգծել Ասոցացման պայմանագրի ստորագրման կարեւորությունը Հայաստանի համար: Պատգամավորները խոսել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումից եւ Եվրախորհրդարանի հավասարակշռված մոտեցումներից:
«Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը տեղեկացրել է, որ իրենց ներկայացրած կուսակցություններն անդամակցում են եվրոպական տարբեր քաղաքական ընտանիքների: Պատգամավորը նշել է, որ Հայաստանը բարեփոխումներ իրականացնելու ճանապարհով է փորձում լուծել երկրում առկա խնդիրները: Մհեր Շահգելդյանը նույնպես կարեւորել է խաղաղ բանակցությունների ճանապարհով ԼՂ հարցի լուծումը:
Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նշել է, որ ԵՄ հետ մերձեցումը եւ եվրաինտեգրման քաղաքականությունը եղել եւ շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Արտակ Զաքարյանի խոսքով` Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել Եվրամիություն-Հայաստան Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում եւ այսօր համարվում է Արեւելյան գործընկերության առաջատարներից մեկը: Նա փաստել է նաեւ, որ Հայաստանը փորձելու է մինչեւ 2013 թ. Վիլնյուսի գագաթնաժողովը ավարտին հասցնել Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները:
Հանդիպան ընթացքում բարձրացվել են նաեւ Եվրանեսթ ԽՎ-ում առաջիկայում քննարկվելիք զեկույցների վերաբերյալ հայկական պատվիրակության մոտեցումները: Այդ հարցին անդրադարձել է նաեւ ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը:
Արտակ Զաքարյանը կարեւորել է այն հանգամանքը, որ Եվրախորհրդարանի պատգամավորները չտրվեն ադրբեջանական հակաքարոզչությանը եւ տարածվող թյուր տպավորություններին: «Ցանկալի է, որ նրանք առիթ ունենան լինելու Լեռնային Ղարաբաղում եւ տեղում ծանոթանան իրավիճակին»,- ասել է հանձնաժողովի նախագահը:




























