Ի տարբերություն այլ կուսակցությունների, ՀՅԴ-ն, որպես կանոն, հանդես է գալիս թիմով: Այս մասին, այսօր՝ ապրիլի 29-ին, Երեւանի Կենտրոն թաղամասի ընտրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՅԴ բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե  ինչով էր պայմանավորված այն փաստը, որ Երեւանի ավագանու նախորդ ընտրություններում ՀՅԴ ցուցակը գլխավորում էր Արծվիկ Մինասյանն, իսկ այս անգամ՝ Արմեն Ռուստամյանը:

«Ես վստահ եմ, որ հաջողության դեպքում Արմեն Ռուստամյանն իր գործը կունենա քաղաքի կառավարման նոր քաղաքականության մշակման գործում, սակայն կլինեն բազմաթիվ իրավական եւ տնտեսական հարցեր, որոնք դժվար կլինի լուծել առանց Արծվիկ Մինասյանի, Արսեն Համբարձումյանի եւ Երեւանի ավագանու այլ թեկնածուների»,-ասել է Հովհաննիսյանը:

Հարցին, թե ինչո՞ւ ինքն անձամբ չի առաջադրվել Երեւանի ավագանիում, Վահան Հովհաննիսյանը պատասխանել է, որ ՀՅԴ բյուրոյի անդամ է եւ ունի պարտականություններ, որոնք ավելի շատ առնչվում են միջազգային խնդիրներին՝ Արցախի ճանաչում, Հայոց ցեղասպանության փոխհատուցման հարց եւ այլն: «Անհնար է այդ ամենը միաժամանակ հասցնել, ուստի իմ ընկերները, որոնք ընդգրկված են մեր ցուցակում, ոչնչով չեն տարբերվում ինձնից»,-ամփոփել է նա:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 5-ին: