2013թ. առաջին եռամսյակում Հայաստանում գրանցվել է 1,6 տոկոսով ավելի քիչ ամուսնություն, քան 2012թ. նույն ժամանակահատվածում: Այդ մասին ապրիլի 30-ին լրագրողներին հայտնել է Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Նրա խոսքով, 2013թ. առաջին եռամսյակում գրանցված ամուսնությունների թիվը կազմել է 4591, հազար մարդու կտրվածքով ամուսնությունների թիվը կազմել է 6,1: Նվազել են ամուսնությունների քանակը Երեւանում, նաեւ Արարատի մարզում: Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերում ամուսնությունների թիվն աճել է:
Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Վայոց ձորի մարզում` 7,8 պրոմիլ, որին հաջորդում է Գեղարքունիքը` 7,2: Ամենացածր ցուցանիշը Տավուշի մարզում է (4,7) եւ Սյունիքի մարզում եէ (5): Երեւանում ցուցանիշը կազմում է 5,7:
2013թ. առաջին եռամսյակում ամուսնալուծությունների թիվը կազմել է 897` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 779-ի համեմատ: Ամենաբարձր ցուցանիշն այդ առումով գրանցվել է Լոռիի մարզում` 2 պրոմիլ:
Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am



























