Նոր Մոսկվայի տարածքում արբալետով կրակել են «Կիմպոր» գործարանի տնօրեն Եվգենի Բալայի սրտին ու սպանել: Սպանության կասկածանքով ձերբակալվել է ձեռնարկության գլխավոր էներգետիկը:

Քննության վարկածով՝ նա այդ քայլին է գնացել պարտքերի պատճառով: Ռուսաստանի Քննչական կոմիտեի Մոսկվայի քննչական վարչության ներկայացուցիչը «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին պատմել է, որ կասկածյալը տարածք է վարձակալել գործարանում եւ քիմմաքրման կետ բացել: Նա հասցրել է տնօրենից որոշակի գումար պարտք վերցնել, իսկ վերջինս պահանջել է վերադարձնել պարտքը:

Գործարանի գլխավոր տնօրենի կորստի մասին հայտնել է նրա քարտուղարուհին: Վերջինս դիմել է ոստիկանություն եւ պատմել, որ Եվգենի Բալայը վաղ առավոտյան գնացել է ձեռնարկության տարածքի ամենօրյա ստուգման եւ չի վերադարձել: Մոսկվայի ոստիկանության քրեական հետախուզության աշխատակիցները հայտնաբերել են տնօրենի մարմինը «Կիմպոր» գործարանի ենթակայանի մոտ: Դատաբժշկական փորձաքննությունը պարզել է, որ Բալայը սպանվել է արբալետից արձակած կրակոցով, որը դիպել է սրտին:

Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է ձեռնարկության գլխավոր էներգետիկ Ալեքսեյ Կոպիլովը, ով խոստովանել է իր մեղքը: