Հայ ազգային կոնգրես կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը չի ցանկանում կանխատեսել, թե ինչքան ձայն կստանան Երեւանի ավագանու ընտրություններում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը: «Իմ սիրտը զգում է, որ մենք հաղթելու ենք: Իշխանությունը պարտվելու է, իսկ մենք հաղթելու ենք: Ցանկությունս մեկն է, որ մենք հաղթենք»,- ասաց նա` հավելելով, որ 0 տոկոս ձայն հաստատ չեն ստանա: Երեւանի նախկին քաղաքապետը վստահ է, որ իրեն ձայն կտան նրանք, ովքեր համոզված են, որ այս իշխանությունը աշխատելու է երեւանցու եւ Երեւանի համար, աշխատելու է բաց, իսկ ձայն չեն տա նրանք, ովքեր երկրում անօրինականությունից, արտոնություններից են օգտվում:
Նա նշեց, որ շատ գոհ է իր եւ իր թիմի աշխատանքից, թերություններ քիչ են եղել, մտածում է, որ եթե այս տեմպով մեկ շաբաթ էլ շարունակեին, շատ ավելի լավ կլիներ: «Մեր քաղաքացիները մեզ օգնեցին, հեշտ ընկալեցին մեր հարցադրումները եւ քաղաքական ենթատեքստով ընտրություն գնալու անհրաժեշտությունը, այդ առումով մենք ավելի շատ խոսելու բան ունեինք»,- ասաց նա:
Վահագն Խաչատրյանն ասաց, որ որեւէ ամբիցիայի խնդիր չկա, պատրաստ է աշխատել նաեւ ավագանիի կազմում ոչ իշխանական ուժերի հետ: Հարցին, թե Տարոն Մարգարյանի քաղաքապետ լինելու դեպքում կաշխատեք որպես ավագանի, նա պատասխանեց. «Տարոն Մարգարյանը քաղաքապետ չի լինի: Ինքը չի կարող քաղաքապետ լինել, «եթե» չկա»:
Ի դեպ, ընտրության օրը` մայիսին 5-ին, Վահագն Խաչատրյանը աշխատելու է, Մալաթիա-Սեբաստիայի պատասխանատուն է: Հարցին, թե կարողանալու եք դիմակայել Սամվել Ալեքսանյանին, նա պատասխանեց. «Թող ինքը ինձ դիմակայի, ես դիմակայելու խնդիր չունեմ: Ես բան չունեմ մտածելու, թող ինքը մտածի` ինձ ոնց դիմակայի: Ես գործում եմ օրենքով, իսկ ինքը օրենքի դաշտից դուրս է գործում, իր մոտ դա սովորություն է»,- ասաց նա:




























