Վաղը՝ մայիսի 4-ին, «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքը պաշտոնապես դիմելու է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության գրանցումը ուժը կորցրած ճանաչելու գործընթաց սկսելու պահանջով:
«Բարեւ Երեւան» դաշինքի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Դաշինքը նաեւ պահանջում է մայիսի 5-ին ընտրողներին տրվող բոլոր քվեաթերթիկների վրայից ջնջել «6 Հայաստանի Հանրապետական կուսակցություն» տողը:
Դիմումը հիմնված է այն հանգամանքի վրա, որ «Հայաստանի Հանրապետական» կուսակցությունը նախընտրական փուլում կատարել է բազմաթիվ ու տարաբնույթ խախտումներ, որոնք կարող են ազդեցություն ունենալ քվեարկության արդյունքների վրա: Բացի այդ, «Բարեւ Երեւան»-ի թիմի կողմից արձանագրվել է, որ ՀՀԿ-ն կատարել է բազմամիլիոնանոց նախընտրական ծախսեր, որոնք տեղ չեն գտել ԿԸՀ ներկայացրած հայտարարագրերում:
Դիմումին կից ԿԸՀ են ներկայացվել ՀՀԿ կողմից կատարված եւ «Բարեւ Երեւան»-ի կողմից արձանագրված բազմաթիվ խախտումների եւ չհայտարարագրված ծախսերի մասին ապացույցներ:
Դիմումը ստորագրված է «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ բոլոր («Շրջադարձ», «Ժոովրդավարական Ուղի», «Ժողովրդավարական Հայրենիք» եւ «Ժառանգություն») կուսակցությունների կողմից:


























