Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադառնում ՍԴՀԿ-ի վերաբերյալ դատարանի որոշմանը:

ՀԱԿ հայտարարությունում ասվում է.

«Դատարանը մերժեց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հայցը, որով պահանջվում էր չեղյալ համարել ՍԴՀԿ 8-րդ՝ իրականում տեղի չունեցած համագումարի արձանագրությունը։ Իր այս որոշմամբ դատարանը փաստորեն ոչնչացրեց ՍԴՀԿ կուսակցությունը՝ այդ անունը կրելու իրավունքը փոխանցելով իշխանության վերահսկողության տակ գտնվող մի խմբակի:

Այս կերպ վարչախումբը կամակատար դատարանի միջոցով պատժում է ՍԴՀԿ կուսակցությանը, որը 2007 թվականից ի վեր կանգնեց ավազակապետական վարչախմբի դեմ ծավալված համաժողովրդական շարժման կողքին՝ ակտիվորեն մասնակցելով նրա պայքարին։ Դրանով ռեժիմը պատժում է կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին՝ Հայ ազգային կոնգրես խմբակցության կազմում խորհրդարանում ծավալած գործունեության համար:

Արդարադատություն իրականացնելու կոչված դատարանի արածն այլ բան չէ, քան քաղաքական վենդետա, ոտնձգություն քաղաքացիների՝ ազատ ասոցիացիաների սահմանադրական իրավունքի դեմ։ Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է վարչախմբի հերթական այս ապօրինությունը, որը կշտկվի եւ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն, երբ Հայաստանում կվերականգնվի սահմանադրական կարգը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ին, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Գեւորգ Պերկուպերկյանի հայցն ընդդեմ Լյուդմիլա Սարգսյանի: Հիշեցնենք, որ Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Գեւորգ Պերկուպերկյանը պահանջում է, որպեսզի Լյուդմիլա Սարգսյանն իրեն հանձնի կուսակցության դրոշը, գրանցման վկայականը, գույքը, կնիքը, փաստաթղթերն ու արխիվը:

Նշենք, որ Լյուդմիլա Սարգսյանը եղել է ՍԴՀԿ ատենապետ, սակայն հետագայում նա եւ Գուրգեն Եղիազարյանը կուսակցության 8-րդ համագումարում հեռացվել են կուսակցությունից: Վերջիններս այդ համագումարն անօրինական են համարում: