Երեւանի ավագանու ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանությունում ձեւավորվել է համակարգող խումբ: Գործում է «1-02» բազմուղի ցանցը, նաեւ` (010)54-69-12 եւ (010)54-69-14 հեռախոսահամարները:

Ընտրությունների ընթացքում արձանագրված անօրինական գործողությունների մասին կարող եք ահազանգել նաեւ համակարգող խմբի անդամ, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանին` 093-20-00-90 հեռախոսահամարով:

Ոստիկանությունը նախընտրական շտաբներին կոչ է անում ցանկացած իրավախախտման դեպքում ահազանգել նշված հեռախոսահամարներով կամ դիմել ծառայություն կատարող ոստիկաններին:

«Հավաստիացնում ենք, որ ոչ մի ահազանգ անպատասխան չի մնա, ցանկացած իրավախախտում կարժանանա համաչափ արձագանքի: Կարծում ենք՝ բոլորիս նպատակը իրավախախտումները հայտնաբերելն ու անցանկալի զարգացումները կանխելն է, ոչ թե օրինախախտումներից կասկածելի դիվիդենտներ շահելը:

Ոստիկանությունը  կարեւորում է զանգվածային լրատվության  միջոցների հետ համագործակցությունը եւ ակնկալում նաեւ նրանց  աջակցությունը:

Ոստիկանությունը ակնկալում ու խնդրում է բոլոր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների եւ օրինապահ քաղաքացիների աջակցությունն ընտրությունների ընթացքում կարգուկանոն պահպանելու գործում, իսկ նրանք, ովքեր իրենց օրենքից վեր են դասում, կենթարկվեն պատասխանատվության՝ ի կատարումն նույն օրենքի պահանջի»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ: